Պետբյուջեի հատկացումներով կբարեկարգվի Չարենցավանի ԲԿ-ն

Իրադարձային 21.04.2021   17:10   56

Մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության (ՀՀ առողջապահության նախարարության) ուշադրության կենտրոնում: Այդ խնդրի լուծումն ապահովելու համար ՀՀ ԱՆ-ն հետևողական քայլեր է ձեռնարկում` ուղղված մարզային բժշկական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բժշկական սարքավորումների արդիականացմանը և բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:

Բժշկական կենտրոնների նորոգման ու վերակառուցման ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև Կոտայքի մարզի Չարենցավանի բժշկական կենտրոնի բարեկարգումը: Ծրագրի իրագործման համար նախատեսված է 230 միլիոն դրամ:

Պետական բյուջեի շրջանակներում նախատեսվում է կցակառույցի կառուցում, արտաքին վերելակի տեղադրում և մուտքային հանգույցի կառուցում: Նոր կցակառույցը կլինի շուրջ 357 քմ, որտեղ կտեղակայվի կենտրոնական ախտահանման բաժանմունքը, ներհիվանդանոցային դեղատունը և նիստերի դահլիճը։

Նշենք, որ ներկա պահին բժշկական կենտրոնը սպասարկում է 35 մահճակալ, ինչպես նաև ունի ինտենսիվ բուժման սրահ՝ 4 մահճակալով:

Շինարարական աշխատանքները կտևեն 6 ամիս:


 Պիտակներ
         Չարենցավանի ԲԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb