ՊԵԿ-ը գործարկել է մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Իրադարձային 27.03.2019   12:03   329

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների(Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության և կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի և ձևաչափի սահմանափակումների: 
Մաքսային և հարկային ոլորտների վերաբերյալ կատարել և ցուցադրել մեծածավալ  վերլուծություններ և հաշվետվություններ՝ հաշված րոպեների ընթացքում: 
Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի տվյալների շտեմարանը բավականին ճկուն  գործիք է: 
Այն հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ ներկայացնել տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալները, մակրո և միկրո հարթություններում իրականացնել տնտեսական վերլուծություններ, տարբեր հարկատեսակների վերաբերյալ կազմել հաշվետվություններ: 
Անալիտիկ հաշվետվությունների համակարգի գործարկումը կարևորվում է ոչ միայն կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլև բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից: 
Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ռիսկերի կառավարման նորարարական մոտեցումներով ձևավորված գործիքակազմը հնարավորությոuն է տվել  թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նպաստելով ապրանքների և տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննման դեպքերի քանակի և տեսակարար կշռի նվազեցմանը: 
Այսպես, եթե 2018-ի 3-րդ եռամսյակում զննման դեպքերի քանակը կազմել է 5975, ապա  4-րդ եռամսյակում՝ 4848: 
Իսկ տեսակարար կշիռն ընդհանուր դեպքերի մեջ 12.8 տոկոսից դարձել է 7.5 տոկոս: Ի դեպ, տեղեկատվությունը եռամսյա պարբերությամբ թարմացվում և տեղարդվում է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:
Մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործմամբ ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկայում ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ:


 



 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon