ՊԵԿ-ում հեռախոսազանգերը 2019թ. առաջին կիսամյակի համեմատ 23%-ով ավելացել են

Իրադարձային 28.07.2020   12:04   228

ՊԵկ-ը՝ կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքի մասին

 Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոնը կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ` առաջնորդվելով քաղաքացիների բոլոր հարցերին պատասխանելու սկզբունքով: Վերջին շրջանում հարցերի մի մասը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերին: «ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը մատչելի եղանակով քաղաքացիներին բացատրում է` որ ծրագրից կարող են օգտվել, ինչ փաստաթղթեր են հարկավոր դիմելու համար կամ ինչ եղանակով պետք է դիմեն` ծրագրերից օգտվելու համար»,-նշում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:

ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերողներ են դարձել հատկապես հեռավար աշխատող տնտեսվարողների համար: Որպեսզի հեռավար աշխատելիս խնդիրներ չառաջանան, մասնագետները տեղեկատվություն են տրամադրում հարկերի, վճարների, մաքսատուրքերի և էլեկտրոնային ծառայությունների մասին:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշ գործընթացներ կազմակերպում է էլեկտրոնային եղանակով: Նոր հնարավորություններից օգտվելիս քաղաքացիները երբեմն դիմում են հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետների օգնությանը:

Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հեռախոսազանգերի կենտրոնն օրական ստանում է միջինը 1000-1200 զանգ, այդ թվում` նաև արտերկրից: Արդեն մեկ տարի է, ինչ 060 544 444 հեռախոսահամարից բացի, գործում է անվճար հեռախոսահամար Հայաստանից զանգողների համար` 08000 0007:

«Համակարգում որևէ զանգ չի ընդհատվում: Ավտոմատ կերպով համակարգը միացնում է գծում սպասող զանգն առաջին իսկ ազատված մասնագետին»,-վստահեցնում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:

Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետները պատասխանում են նաև էլեկտրոնային եղանակով ստացվող հարցերին: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 152 795 հարցադիմում, իսկ 2019 թ.-ի 1-ին կիսամյակում` 124 311. հարցադիմումներն ավելացել են 23%-ով: Հարցերի 80%-ը վերաբերում են հարկային, իսկ 20%-ը` մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և վարչարարությանը: Ընդ որում, 151 750 հարցադիմում կենտրոնն ստացել է հեռախոսակապի, իսկ 1045-ը` էլեկտրոնային փոստի միջոցով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb