ՊԲ-ի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են. Ա. Հովհաննիսյան

Իրադարձային 14.10.2020   13:49   29

Դեռևս Իսրայելի, Թուրքիայի ուղղությունից զենքեր են մատակարարվում Ադրբեջան: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարը, այլ նույնիսկ չի էլ պահպանել:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ ահաբեկիչները Ադրբեջանի կողմից խաբված են եղել, նա ասաց. «Խաբվել են, թե չեն խաբվել, դա այլ խնդիր է, իհարկե, վարձկանին պետք է խաբեն: Ահաբեկիչներից զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են»:

Ինչ վերաբերում է «Իսկանդերն» օգտագործելուն, նա կոչ արեց վերլուծական դատողություններ չանել, դրա համար կան մասնագետներ: «Իսկանդերը հրթիռ է, Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կամավորներին, որոնք ցանկանում են գնալ ռազմաճակատ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց չեն ուղարկում, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Զուտ մարդկային իմ խորհուրդը՝ ովքեր ուզում են գնալ՝ անկախ նրանից, թե իրենց կարելի է, չի կարելի, օրենքով հասնում է, թե ոչ, թող անդադար թակեն զինկոմիսարիատների դռները, զինկոմիսարիատների հետ կապ պահեն, գուցե ինչ-որ որոշում փոխվի»:

Արծրուն Հովհաննիսյանն նշեց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը: «Որոշ դեպքերում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել, այդ հատվածներն իրականում ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր են՝ կիրառված ուժերի  կորուստների և ժամանակի կտրվածքով»,-ասաց նա և կոչ արեց չֆիքսվել կոնկրետ հատվածների վրա:



 Պիտակներ
         սպառազինության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb