Պատմություն (պատմվածք)

Մտորման համար 25.12.2019   12:00   484
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գեներալ Շանթի կյանքը մոտեցել էր այն սահմանագծին, երբ մարդն այլևս պետք է մեռնի, որպեսզի կանգնեցնեն նրա հուշարձանը։ Անկեղծ ասած, Գեներալը չէր ուզում վախճանվել, բայց պետական որոշում էր ընդունված, քանդակագործները սկսել էին աշխատել, քաղաքապետարանը մեծ գումարներ էր հայթայթել, իսկ պատվանդանի շինարարությունը սկսված էր։

Գեներալի առաջին նամակը ուղղված էր Պաշտպանության նախարարին.

- Հարգելի նախարար։ Առայժմ չեմ կարողանում մեռնել։ Խնդրում եմ արձանացման գործընթացը սառեցնել։

Պատասխան նամակը ստացվեց երկու ամիս անց.

- Աշխատեք ծանր վիրավորվել։

Բազմաթիվ անկեղծ և համամարդկային ջանքերից հետո Գեներալը դիմեց Երկրի նախագահին.

- Հույս եմ հայտնում, մեծարգո Նախագահ, թե կհրահրեք իմիջիայլոց մի պատերազմ, որտեղ կկարողանամ ծանր վիրավորվել և տունդարձի ճանապարհին արյունաքամ կլինեմ։

Նախագահի մամլո խոսնակը անձամբ բերեց պատասխան նամակը, որտեղ ասվում էր.

- Հարևան պետությունների հետ թշնամության պայմանագրերը նոր են կնքվել, բայց դեռ ուժի մեջ չեն։ Եթե կամենաք՝ որևէ համեստ ավտովթար կսարքենք, բայց պարտավոր եք վճարել ջարդուփշուր մեքենաների համար մինչ զոհվելը։

Սույնը ընդունելի տարբերակ չէր կարող լինել, որովհետև հայրենասիրական պարտքի գործոնը տվյալ պարագայում կզրկվեր համապատասխան փայլից, ինչը խորագույնս կնսեմացներ Գեներալի հետմահու բնութագիրը։ Երկար խորհրդածություններից հետո Գեներալը հանդես եկավ բաց նամակով, որ տպագրվեց Հանրապետության թերթերում։ Նամակը հակիրճ ու կոնկրետ էր.

- Սիրելի ազգ։ Ելնելով այն փաստից, որ կառավարությունը նպաստավոր պայմաններ չի ստեղծում, որ զոհվեմ, և չեմ կարողանում զոհվել ինքնաբերաբար, խնդրում եմ ինձ ընդունել իբրև առաջիկա իմ արձանի կենդանի օրինակ և հանդուրժել երկու տարբերակով իմ գոյությունը՝ իբրև բացառություն։

Լուծման անհրաժեշտությամբ տառապող նմանօրինակ հարցը հղի էր Պետության հեղինակությունը որակազրկելու վտանգով։ Շտապ որոշմամբ՝ գեներալ Շանթի բնակարանը տուն-թանգարանի կարգավիճակով հանձնվեց մատաղ սերնդի դաստիարակությանը։

- Երեխաներ, դուք շնչում եք մասունքացող առարկաների բույրն ու ականատեսն եք այն բանի, թե ապագա հերոսներն ինչպես են մեռնում, միաժամանակ՝ անմահանալով։

Օրեր անց, գեներալ Շանթի արձանն ի վերջո տեղադրեցին Հանրապետության հրապարակի երևելի մասում, և տուն-թանգարանի համար նախատեսված այլևայլ այցելությունները սառեցվեցին։ Աննախադեպ թեթևության մեջ սավառնելով՝ գեներալ Շանթը խորը շունչ քաշեց՝ հանկարծ մտաբերելով, որ վաղուց արդեն չի կերել ու չի խմել։ Անկողնուց բարձրանալու փորձ արեց, բայց կրծքավանդակի վերքը ցավում էր, արյունահոսում։ Դուռը բացվեց, և քաղաքացիական հագուստով երկու քաղաքացի ներս խուժեցին։

- Շանթ գեներա՞լն եք։

- Այո։

- Ձեզ հերոսի կոչում է շնորհվել։ Հետմահո՛ւ։

Սմբատ Բունիաթյան



 Պիտակներ
         Սմբատ Բունիաթյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon