Պատգամավորներն առաջարկում են սպառողական կրեդիտավորմանն առնչվող նոր կարգավորում

Իրադարձային 03.06.2020   10:15   207

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը » խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը ԱԺ-ի քննարկմանն են ներկայացրել օրենի նախագիծ, որով, ըստ էության, սպառողական կրեդիտավորման համար սահմանվում են նոր պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքն ԱԺ հունիսի 2-ի նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը:

Նախագծով սահմանվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:

«Մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում մենք առաջարկում ենք կանոնակարգումներ, որով ԿԲ-ն կսահմանի որոշակի նորմատիվ իրավական պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով, որպեսզի այն մարդիկ, որոնք եկամուտներ ունեն և հնարավորություն ունեն, սպասարկեն իրենց վարկը, դառնան ավելի առաջնահերթ»,-ասաց Մանուկյանը:

Այսպիսով, ԿԲ-ն կսահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որևէ առաջարկություն չի եղել:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի կարծիքով՝ փոփոխությունների իրականացումը կարող է պատասխանատու վարկավորումն էլ ավելի լավացնել:



 Պիտակներ
         վարկավորում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb