Պատերազմում վիրավորված անձանց պետությունը կապահովի առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում

Իրադարձային 21.01.2021   12:42   44

Կառավարությունը հաստատեց ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն ու նրանց տրվում է հավաստագիր, որով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները և առկա այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել:

«Առաջարկում ենք, որ պատերազմի այն մասնակիցների համար, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, իրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշման հիմնական նպատակը երկուսն է՝ պրոթեզավորման կարիք ունեցող հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը կազմակերպել արագ ու հարմարավետ, երկրորդ՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի:

«Մենք նաև հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք պատշաճ մասնագիտական վերապատրաստում կամ նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը լինի ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն:

Տվյալ դեպքում, մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձիք ոչ թե համակերպվեն այդ կարգավիճակի հետ, այլ աջակցենք, որ այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն», - նշեց վարչապետը:


 Պիտակներ
         պրոթեզավորում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb