Պատերազմն Արցախում ղեկավարել են թուրք գեներալները․ Հարութ Սասունյան

Տեսանկյուն 30.12.2020   10:46   125

Վտարանդի թուրք լրագրող Ջեվերի Գուվենը տեսառեպորտաժում բացահայտել է երեք թուրք գեներալների անուններն ու նրանց գործունեությունը, որոնք որոշիչ դեր են խաղացել Արցախում Ադրբեջանի վարած պատերազմում, որն սկսվել էր 2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Արդեն հայտնի է, որ ժամանակակից անօդաչու թռչող սարքերը և հրթիռները, որոնք Ադրբեջանը ձեռք էր բերել Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից, կործանարար ազդեցություն են ունեցել Հայաստանի և Արցախի վրա:

Հայտնի է նաև, որ Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցել են 200 թուրք ռազմական խորհրդականներ և մի քանի հազար սիրիացի վարձկաններ: Այնուամենայնիվ, սա առաջին դեպքն է, որ մանրամասն զեկույց է հրապարակվում պատերազմի ընթացքում Ադրբեջանում այդ թուրք գեներալների ներկայության մասին:

Թուրքիայի ռազմական ղեկավարներից մեկը գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայն է: Երկրորդը գեներալ-մայոր Բահթիյար Էրսայն է, իսկ երրորդը՝ գեներալ-մայոր Գյոքսել Քահյան: Այս թուրք գեներալների ներկայությունը Բաքվում կապված է մինչև Արցախյան պատերազմը Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի հեռացման հետ, որը 27 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Ըստ ռուսական և այլախոհ ադրբեջանական աղբյուրների՝ նա մեղադրվում էր դավաճանության և Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ համագործակցության մեջ:

Հաղորդվում է, որ Սադիկովին ձերբակալել են աշխատանքից նրան հեռացնելուց հետո, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը: Այնուամենայնիվ, աշխատանքից հեռացնելուց հետո նրան այլևս չեն տեսել: Ըստ հաղորդագրությունների՝ Սադիկովը ծնվել է Դերբենտում (Դաղստան), ծագումով լեզգի է: Նա վատ է տիրապետել ադրբեջաներենին: Նաև պնդում են, որ նրա զարմիկը ծառայում է ռուսական բանակում՝ Գյումրիում։ Սադիկովը կրթություն է ստացել Ռուսաստանում:

Կարևոր է նշել, որ մեծ թվով ադրբեջանցի զինվորներ էին ուղարկվել Թուրքիա՝ ռազմական կրթություն ստանալու համար: Սադիկովը թույլ չէր տալիս Թուրքիայից վերադարձածներին կարևոր զինվորական պաշտոններ զբաղեցնել: Նա դեմ էր թուրքական գերակայությանը Ադրբեջանի զինված ուժերում։ Արդյունքում, Թուրքիան պահանջեց Սադիկովի հեռացումը, որից հետո Թուրքիայում վերապատրաստվածներն ստացան ղեկավար պաշտոններ:

Վերադառնալով երեք թուրք գեներալներին, Շերեֆ Օնգայը Երզնկայում տեղակայված թուրքական երրորդ բանակի հրամանատարն է: Նա վերահսկել է Արցախյան պատերազմը: 1982-ին Օնգայը ավարտել է Անկարայի ռազմական ակադեմիան և ծառայել ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումներում: 2014-ին նա նշանակվել է 9-րդ բանակային կորպուսի հրամանատար: Նա որոշ ժամանակ Տուզլայի հետևազորի դպրոցի ղեկավարն էր:

Ադրբեջանում երկրորդ թուրք ռազմական ղեկավար գեներալ-մայոր Բահթիյար Էրսայն ավելի վաղ բանտարկվել էր մի սկանդալի («Մեծ մուրճ» գործողություն) մեջ ներքաշված լինելու համար: Այնուամենայնիվ, նրան ներում շնորհեցին և ազատ արձակեցին, հնարավոր է, որ նա գործարք էր կնքել իշխանությունների հետ՝ բացահայտելով դավադրության մյուս մասնակիցների անունները: Դրանից հետո նա ստացավ բրիգադային գեներալի կոչում՝ դառնալով 2-րդ Կոմանդոս բրիգադի պատասխանատուն, որը մեծ դաժանությամբ պայքարեց PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) դեմ Արևելյան Թուրքիայում:

Այժմ նա Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության գործողությունների ղեկավարն է: Նա Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մնացել է Բաքվում և անձամբ ղեկավարել գործողությունները: Պատերազմն սկսվելուց առաջ Բաքվում և Գաբալայի ռազմական օդանավակայանում կառուցվել են արբանյակային կապի երկու կենտրոններ՝ տարածքում տեղակայված զինվորականների և շտաբների հետ կապ հաստատելու համար:

Երկու կենտրոնները ղեկավարվել են բացառապես թուրքական բանակի կողմից: Ադրբեջանցի զինվորականներին հանձնարարված էր հնազանդվել թուրք վերադասների բոլոր հրամաններին և չվիճել կամ հակադրվել նրանց։ Էրսայը ղեկավարել է սիրիացի վարձկաններին, որոնք ավելի վաղ Թուրքիայի կողմից կռվել էին Սիրիայում և Լիբիայում: Բացի այդ, Էրսայը ղեկավարել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկան:

Երրորդ թուրք զինվորականը գեներալ-մայոր Գյոքսել Քահյան է, որն այս տարվա հուլիսից գտնվում էր Ադրբեջանում: Նա մտերիմ է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Նախկինում նա եղել է պաշտպանության փոխնախարարի տեղակալը։ Թուրքիայի կողմից Լիբիայում պատերազմին մասնակցելիս նա գերեվարվել է լիբիական ընդդիմադիր ուժերի կողմից, ապա ազատ արձակվել: Քահյան ղեկավարում էր Լիբիայում գործող թուրքական անօդաչու թռչող սարքերը, ինչը նրան արժեքավոր փորձ էր տվել Արցախի դեմ անօդաչու թռչող սարքերի կառավարման գործում:

Արցախյան պատերազմի ավարտից հետո ադրբեջանական հասարակությունն իր դժգոհությունն էր հայտնել, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղի տարածքում: Որոշ վերլուծաբաններ Ռուսաստանի ներկայությունն Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում որակել են որպես պարտություն Թուրքիայի և ԱՄՆ-ի համար և հաղթանակ Ռուսաստանի համար, քանի որ վերջինս իր ուժերը տեղակայել է «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի քթի տակ»:

Ինչպես եզրակացրեց ռուսական «Վզգլյադ» առցանց թերթը, Արցախյան պատերազմի «ծրագիրը թուրքական էր, գեներալները թուրք էին, իսկ անօդաչու թռչող սարքերն արտադրված էին Թուրքիայում․․․ Բաքուն կարող է հաղթանակ տոնել, բայց հրամանատարության ու վերահսկողության առումով հաղթանակ կարող են տոնել թուրք գեներալները»:

Ադրբեջանական բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Օլեգ Գուլիևը, որն այժմ բնակվում է Մոսկվայում, «Վզգլյադ» թերթին ասել է. «Ադրբեջանը պետք է ամբողջությամբ վերադարձնի Ղարաբաղը։ Սա ճիշտ է և արդար: Բայց մենք ինքներս պետք է վերադարձնենք Ղարաբաղը: Եթե մենք այն վերադարձնենք թուրքերի վզկապով, ապա հետ կվերադարձնենք միայն Ղարաբաղը, սակայն կկորցնենք մեր երկրի մնացած մասը»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


 Պիտակներ
         Հարութ Սասունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb