Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել ՄԻԵԴ

Իրադարձային 12.11.2020   17:10   27

Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս պահին ավելի մեծ փաթեթ է պատրաստվում ՄԻԵԴ ուղարկելու նպատակով:

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմի սկսման հենց առաջին օրվանից շատ փաստաթղթեր են ներկայացվել ՄԻԵԴ, և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի» գործերով այդ երկրների նկատմամբ դատարանի կողմից միջանկյալ միջոց է կիրառվել:

«Դրան զուգահեռ, սեպտեմբերի 27-ից՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, օր է եղել՝ նաև երկու անգամ, հավաքագրված փաստերը, ապացույցներն ուղարկվել են ՄԻԵԴ, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հետ կապված»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Մասնավորապես, ապացույցներ են ներկայացվել, ներկայում էլ պատրաստվող փաթեթում ներառվելու են փաստեր, ապացույցներ խաղաղ բնակիչների սպանության, արգելված զենքերի, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զենքերի օգտագործման, ոչ ընտրանքային հարձակումների, Ադրբեջանի իշխանության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, մշակութային արժեքների վնասման, ոչնչացման մասերով:

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, որով կոչ է արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը, այդ թվում՝ վտանգի տակ դնել նրանց կյանքն ու առողջությունը։ Նույն որոշմամբ ՄԻԵԴ-ը կոչ է արել կողմերին կատարել Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և խոշտանգումների, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի և պատժի արգելքի մասով:

Արդեն հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը, Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով, կրկին որոշել է կիրառել միջանկյալ միջոց` այս անգամ կոչ անելով հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ՝ Թուրքիային, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են քաղաքացիական անձանց՝ Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը և հարգել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները:

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մեկ այլ դիմում է ներկայացրել՝ հիմնականում Ադրբեջանին մեղադրելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ թույլ տալու մեջ` ռազմագերիների և հակամարտության ընթացքում գերեվարված այլ անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մասով:

Առանձին գերիների վերաբերյալ ներկայացված դիմումներով, որոնք ներկայացվել են ինչպես ՀՀ կառավարության կողմից, այնպես էլ անհատական դիմումների տեսքով, Դատարանը որոշել է կասեցնել միջանկյալ միջոցի դիմումների քննությունը և Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություններ, թե արդյո՞ք նշված անձինք գերի են ընկել, եթե այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում և արդյոք նրանք ենթարկվել են բժշկական հետազոտության կամ բուժման:

ՄԻԵԴ-ը նշված դիմումները պահում է իր ուշադրության կենտրոնում։


 Պիտակներ
         Պատերազմական հանցագործություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb