«Փաստ»․ Ասֆալտ կար, ասֆալտ չկա

Մամուլ 13.04.2021   07:43   54

«Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչո՞ւ ենք ասֆալտը մենք սիրում, որովհետև ասֆալտը, ասֆալտը էդ ասֆալտ ա, էդ բառը խանդաղատանքով է պետք արտասանել, էդ ասֆալտը դա էն ասֆալտը չի»,-ուղիղ երկու տարի առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի ճանապարհների մասին և հավելելով, որ «պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան»։

Անցած երեք տարում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հիմնական «ֆիշկան» եղել է հենց հանրապետության տարածքում իրականացվող «աննախադեպ» ասֆալտապատումը, որը դարձել էր դրոշակ և գլուխ գովալու միակ թեմա։ Թերթն իր նախորդ համարներից մեկում նշել էր, որ նախորդ տարվա բյուջեի ծախսային հատվածից հանվել էին հիմնական գումարները և ուղղվել ասֆալտապատման։

Բայց ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ այստեղ գլուխ գովելու տեղ չունեն: Արդեն ձմեռվա վերջին պարզ դարձավ, որ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ խայտառակ վիճակում են, կարծես պատերազմն այդ ճանապարհներին է եղել, այնքան որ քարուքանդ են դրանք։

Ընդ որում, քանդվել են նաև այնպիսի ճանապարհներ, որոնք ոչ թե «նախկիններն» են ասֆալտապատել, այլ հենց գործող իշխանությունները 2019-20 թվականներին: Ճիշտ է, արդեն սկսվել են որոշակի աշխատանքներ, առավելապես փոսալցման, սակայն այն, որ կարճ ժամանակում քանդվում են ճանապարհները, շարունակում է մնալ մտահոգիչ: Հարցի հետ կապված մարտի 30-ին գրավոր հարցեր ենք ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վաղուց լրացել են օրենքով սահմանված ժամկետները, սակայն պատասխան մինչ այժմ չենք ստացել»,-գրում է թերթը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb