Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը

Իրադարձային 31.01.2019   11:00   305

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ պաշտոնից ազատված ոստիկաններն ուղարկվել են կադրերի ռեզերվ։ Ոստիկանությունից չմանրամասնեցին պաշտոնանկությունների պառճառը՝ նշելով, որ իրենց կառույցում մշտապես լինում են կադրային փոփոխություններ։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ պաշտոնանկությունները կապված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպի հետ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված բախման։

Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, իսկ 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձը), 235-րդ հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, կրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։ Միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը. նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ ևս մեկ անձ՝ Արթուր Վարդանյանը, ձերբակալվել է սպանության փորձ և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։



 Պիտակներ
         Վալերիյ Օսպիյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon