Փաշինյանի հրաժարականը շարունակում է մնալ մեր օրակարգում․ ԲՀԿ

Քաղաքական 19.11.2020   11:34   29

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը շարունակում է մնալ մեր օրակարգում, քանի որ մենք վստահ ենք՝ աշխարհի որևէ կետում չկա մի հայ, ով կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած վարչապետին կցանկանա ընդունել։ Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը։

Ինչ վերաբերում է այդ հրաժարականին հասնելու քայլերին, Իսայանն ասում է՝ բացի փողոցում պայքարի ձևից՝ օգտագործում են նաև խորհրդարանական գործիքակազմը․

«Այսօր կրկին մենք և ԼՀԿ-ն դիմելու ենք Ազգային ժողովին՝ արտահերթ նիստ հրավիրելու, և նույն օրակարգն է՝ ռազմական դրության չեղարկումը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը»։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելում է՝ պատերազմը պետք է կասեցվեր ավելի վաղ․ «Ստացվում է, որ այդ 9 հազար ք/կմ հանձնած տարածքների կեսից ավելին մենք հանձնում ենք առանց պատերազմի, խոսքը գնում է Քարվաճառի մասին, որը մոտ 1900 ք/կմ է, Բերձորի՝ Լաչինի շրջանի մասին է, որը մոտ 1850 ք/կմ է և Աղդամի այն հատվածի մասին, որը մոտ 500-600 ք/կմ է»։

Միքայել Մելքումյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ ղեկավարն անձամբ չի մասնակցում վերջին օրերին կազմակերպվող հանրահավաքներին, նշեց․

«Հանրահավաքներից կես ժամ առաջ, երկու ժամ առաջ մարդկանց Ազգային անվտանգության ծառայություն, Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում, այսինքն` մարդը հանրահավաքներին ֆիզիկապես ներկա լինելու խնդիր է ունենում»։

Մելքումյանն ասում է՝ իրենք կողմ են ռուս խաղաղապահների ներկայությանը, բայց դա պետք է արվեր ժամանակին։ Պատգամավորը պնդում է՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, թե արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին` վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ԲՀԿ-ին ուղղված չէ։

Շաքե Իսայանն էլ համոզմունք հայտնեց, թե այդ հայտարարությունն ուղղված չէ ոչ իրենց, ո՛չ 17 կուսակցություններին, հորդորեց հայտարարության տեքստում ինտրիգներ չփնտրել և չփորձել ԲՀԿ-ի ու Ռուսաստանի միջև սեպ խրել։

Պատգամավորը պնդում է՝ Նարիշկինի հայտարարությունը, ճիշտ հակառակը, ուղղված է ուժերին, որոնք սպասարկել են արևմտյան շահը` դավաճանելով հայկական շահը և ստորագրելով կապիտուլյացիոն փաստաթուղթ․ «Նիկոլ Փաշինյանը, սպասարկելով որոշ արեւմտյան ուժերի, դավաճանել է հայի շահը»,-եզրափակեց Իսայանը։

 


 Պիտակներ
         ԲՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb