Փաշինյանի հետ 1 տարուց ավելի է շփում չեմ ունեցել․ Արսեն Խառատյան

Տեսանկյուն 27.01.2021   12:22   59

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մի վերջին հստակեցում, կամ` արձանագրելով իրողությունները․

Վերջին երկու տարվա ընթացքում իմ ու ընտանիքիս մասին այնքան սուտ է ասվել, մեր ուղղությամբ այնքան աղբ է նետվել, որ ինչ-որ պահից այլեւս անիմաստ ենք համարել հերքումներ գրելը: Հերյուրանքների, զրպարտությունների ու սպառնալիքների վերաբերյալ մեր դատական հայցերը, ոստիկանություն ու Գլխավոր դատախազություն դիմումները որեւէ արդյունք չեն տվել, մինչդեռ առցանց հանրային քննարկումներում խոսակցության շրիշակային մակարդակը խոռոչել է բարոյականության հատակը:

Հետհեղափոխական այս ողջ շրջանում պատկան մարմինների հանցավոր անգործության կամ հակապետական գործունեության մասին բազմիցս է բարձրաձայնվել: Արդյո՞ք սա քաղաքական մեծամասնության շարունակական ապաշնորհության, թե՞ որոշակի կենտրոնից կառավարվող գործընթաց է` ցույց կտա ժամանակը:

Մենք, սակայն, հիմքեր ունենք որոշ եզրակացություններ ու հետեւություններ անելու` ելնելով մի շարք հարցերի վերաբերյալ պատճառահետեւանքային կապեր տեսնելու տրամաբանությունից: Ասեմ ավելին, այժմ նաեւ հիմնարար կասկածներ ունենք, որ որոշ իրավիճակներում գործող քաղաքական մեծամասնության ձախողումներն ու սխալներն առանձին անձանց կամ մամուլի միջոցներով հենց իշխանական շրջանակներից է «բարդվել» իմ գլխին, կամ ընտանիքիս ու ընկերներիս սեւացնելու միջոցով` փորձ է արվել հանրային ուշադրությունը վանել իրենցից: Բայց սա քննարկման այլ թեմա է, հիմա` իմ մասին:

2018-ի օգոստոսին ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից հեռանալուց հետո իմ անձի շուրջ ամենատարբեր ձեւերով փորձ է արվել արդեն միֆական դարձած կերպար կառուցել: Այն, որ ես դարձել եմ ազգիս թիվ մեկ «սորոսական դավաճանը» արդեն չի էլ քննարկվում:

Զուգահեռաբար, այս ընթացքում այնքան աներևակայելի կեղծ ու սուտ դերակատարություն են վերագրել, որ դրանց թիվն անգամ կորցրել եմ: Մի բան, սակայն, առավել քան ակնհայտ է. սա արվել եւ արվում է ռուս-ադրբեջանական ու հայ չեկիստական խմբերի համատեղ ու միանգամայն համակարգված ջանքերով, խիստ հասկանալի կենտրոնից, որի հիմնական նպատակն է իմ` արդեն միֆական կերպարի միջոցով ոչ միայն հնարավորինս սեւացնել գործող քաղաքական մեծամասնությանը, այլեւ կրկնեմ` խնդիրներն իմ վրա բարդելով հենց այդ իշխանության մի շարք սխալները սրբագրելու փորձեր անել։

Ուստի այս գրառման հիմնական նպատակը հանրության շրջանում վերջնական հստակություն մտցնելն է իմ եւ գործող քաղաքական մեծամասնության հարաբերությունների վերաբերյալ:

Ես` Արսեն Խառատյանս, չեմ հանդիսանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, պետական կամ մերձկառավարական, ֆորմալ կամ ոչ ֆորմալ որեւէ պաշտոն, դերակատարում չունեմ, որեւէ գաղտնի բանակցության կամ հանդիպման երբեւէ չեմ մասնակցել` ոչ պաշտոնավարման ընթացքում, ոչ էլ պաշտոնավարումից հետո: Գործող քաղաքական իշխանության որոշումների վրա չունեմ որեւէ ազդեցություն, չեմ հանդիսանում քաղաքական որեւէ թիմի մաս: 2018-ի հեղափոխությանը հաջորդած պետական կարճատեւ աշխատանքից հետո ինձ որեւէ պետական պաշտոն, երբեւէ, եւ որեւէ կարգավիճակում չի առաջարկվել, ուստի բոլոր այն լուրերը, թե իբր ես որեւէ բան եմ համակարգում աղերս չունեն իրականության հետ: Որպեսզի է՛լ ավելի հստակ լինի անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հետ 1 տարուց ավելի է որեւէ շփում չեմ ունեցել:

Ավելացնեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում աշխատել եւ շարունակում եմ աշխատել որպես Վրաստանում իմ կողմից հիմնադրված Ալիք մեդիահարթակի գլխավոր խմբագիր, իսկ վերջին 2 ամսվա ընթացքում գործում է կրկին իմ հիմնադրած Ալիք Հայաստան կայքը, որի խմբագրակազմի անդամ եմ և որը նպատակ ունի համատարած հայհոյանքի ու ստի պայմաններում ապահովել լրագրողական բարձր մակարդակ, հայալեզու մեդիասպառողի` որակյալ եւ վստահելի աղբյուրից տեղեկացված լինելու իրավունքը:

Ավելացնեմ նաեւ, որ մինչ այս, եւ ապագայում սպասվող իմ ու ընտանիքիս մասին հրապարակվող անհեթեթություններին ու ստերին պատասխանելու ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ էլ` առավելեւս ցանկություն:

Այսքանը»։


 Պիտակներ
         Արսեն Խառատյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb