Զինված ուժերի զարգացումը բացարձակ առաջնահերթությունն է

Իրադարձային 26.01.2019   14:30   420

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:

«Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը: Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը և համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին և Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաև գործողությունների ռազմավարություն», - նշել է երկրի վարչապետը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները: Նախարարի խոսքով՝ 2018 թ. հիմնական ձեռքբերումներից են եղել նաև զինված ուժերը քաղաքական գործընթացների վրա ազդեցությունից զերծ պահելը, ինչը լավագույնս դրսևորվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև զորակոչային գործընթացում կատարված փոփոխությունները:

Ներկայացնելով 2019 թ. հիմնական անելիքները՝ պաշտպանության նախարարը ասել է, որ կարևոր առաջնահերթություններից է ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի 2019թ. առաջնահերթություններից են նաև ռազմարդյունաբերության խթանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շարունակական զարգացումը:

Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության և հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Դավիթ Տոնոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon