Պարզաբանում՝ Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալու վերաբերյալ

Իրադարձային 08.08.2020   12:24   145

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալը։

Ֆեյսբուքի իր էջում Նիկողոսյանը գրել է, որ հարցը պայմանավորված է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթացով։

«Այդ գործընթացը սկսվել է դեռ տարեսկզբից։ Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։

Նախարարի հրամանով երկու բժշկական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։

Երկու կենտրոնի միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։

Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:

Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է Նիկողոսյանը։

Մհեր Դավիդյանցը ՀՀ առողջապահության նախարարին ազատման դիմումը ներկայացրել էր օգոստոսի 7-ին։ Նա «Նորք» ԻԿՀ-ի տնօրեն էր նշանակվել 2018 թվականին։ 



 Պիտակներ
         Մհեր Դավիդյանց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb