Կոյուղու թանգարանը Փարիզում

Art News 10.02.2021   22:00   1675

Միջնադարյան Եվրոպայի կոյուղու (ավելի շուտ դրա բացակայության) պատմությունը տհաճ զգացումներ է առաջացնում, ինչպես նաև հետաքրքրություն՝ հետևելու, թե ինչպես է ինժեներային միտքը մարդկանց հանել հիգիենիկ ճգնաժամից։

Աշխարհի ամենահետաքրքիր ստորգետնյա թանգարաններից մեկը Փարիզի կոյուղու թանգարանն է։ Այն պատմում է քաղաքի կոյուղու ստեղծման պատմությունը՝ առաջին թունելներից սկսած, մինչև ժամանակակից մաքրող համակարգեր։

Փարիզի «որովայնում» զբոսնելիս կտեսնեք, թե ինչպես է աշխատում քաղաքի կոյուղու համակարգը, կուսումնասիրեք տեխնիկան ու ամենայն հավանականությամբ կուրախանաք, որ ծնվել եք 20-րդ կամ 21-րդ դարում։

Թանգարանում ձեզ կպատմեն, որ Փարիզում կոյուղու առաջին հիմքերը դրել են հռոմեացիները։ Մինչ օրս էլ Փարիզի Լատինական թաղամասում՝ հռոմեացիների բաղնիքների ավերակների տակ են գտնվում կոյուղու մոտ 18 մետր երկարությամբ խողովակները։ Հռոմեական կայսրության անկումից հետո Փարիզը երկար ժամանակ մոռացել է հիգիենայի մասին։

1370 թվականին Օբրիոն կառուցում է կոյուղու առաջին համակարգը։ 1636 թվականին փարիզյան կոյուղին սպասարկել է 400 հազարից ավելի բնակչի, չնայած նրան, որ դրա երկարությունը ընդամենը 23 կմ է կազմել։ Հետո կոյուղին երկարացրել են ընդամենը 3 կիլոմետրով։

Ամեն ինչ փոխվել է բարոն Օսմանի ու ինժեներ Էժեն Բելգրանի հայտնվելուց հետո։ Վերջինս դրել է այժմյան փարիզյան կոյուղու համակարգի հիմքերը, ինչպես նաև ամբողջությամբ փոխել է քաղաքի ջրամատակարարման համակարգը։ 1878 թվականին կոյուղու թունելների երկարությունն արդեն հասնում էր 600 կիլոմետրի։ Բելգրանի համակարգը տարիների ընթացքում ընդլայնվել է։ Այսօր Փարիզում հաշվում են մոտ 2 հազար կիլոմետր կոյուղու թունելներ։

Այսօր Կոյուղու թանգարանի ստորգետնյա սրահներում ցուցադրված է ոչ միայն հին, այլ նաև մասնագիտական ժամանակակից տեխնիկա։ Թանգարանի մուտքը Սենայի ձախ ափից է՝ Ալմա կամուրջի մոտ։ Այցելուների համար սրահներում ներկայացված են կոյուղու բազմաթիվ մեխանիզմներ, ինֆորմացիոն պաստառներ, մոնիտորինգի համակարգչային համակարգեր, շինարարական գործիքներ, սանհանգույցներ։

Թանգարան առաջին այցելությունը եղել է դեռ 1867 թվականին։ 1892-1920 թվականներին զբոսաշրջիկներին գնացքով են տեղափոխել, իկ 1975-ից հետո այդ նպատակով օգտագործել են մակույկները։ Հիմա թույլատրվում է միայն ոտքով էքսկուրսիան։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb