Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել

Իրազեկիչ 23.05.2020   11:00   393

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ պարետի որոշումներում փոփոխություններ են կատարվել. Հայաստան վերադարձողները պարտավոր են 14 օր ինքնամեկուսանալ, սակայն եթե նախկինում նրանց մեկուսացնում էին հյուրանոցներում, ապա հիմա նրանք են ընտրում մեկուսացման վայրը։

Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այսօրվանից սկսած առանց ախտանշանների հիվանդներին հյուրանոցներից տուն կուղարկեն` տանը մեկուսացնելով նրանց։

«Պարետատունն ապահովելու է նրանց տեղափոխումն ինքնամեկուսացման վայր։ Նրանք կարող են ինքնամեկուսանալ ինչպես իրենց, այնպես էլ բարեկամների տներում»,–ասաց Հունանյանը։

Նրա խոսքով` ինքնամեկուսացման մեջ գտնվողները հսկողության տակ են լինելու։ Հայաստանը բաժանվել է 119 շրջանների, որոնցից յուրաքանչյուրում ԱԻՆ–ի և ոստիկանության աշխատակիցների ներկայացուցիչներից կազմված խմբերը հսկողություն կիրականացնեն։ Այդ ընթացքում բժիշկներն էլ պարբերաբար կհետևեն ինքնամեկուսացածների առողջական վիճակին։

Ինքնամեկուսացածներին պարետատունը վերահսկելու է հատուկ բջջային ծրագրի միջոցով, և յուրաքանչյուր օր տարբեր ժամերի նրանք հաղորդագրություն են ստանալու։ Հաղորդագրություն ստանալուն պես նրանք պետք է լուսանկարվեն հեռախոսով ու ուղարկեն հետադարձ հասցեով` ֆիքսելու համար, որ ինքնամեկուսացման վայրը չեն լքել։

Ինքնամեկուսացման վայրը լքելու դեպքում քաղաքացիներին տուգանք է հասնում (մինչև 700 000 դրամ), որոշ դեպքերում` նույնիսկ ազատազրկում (մինչև 4 տարի)։

Հայաստան վերադարձող քաղաքացիները պարտավոր են նաև ծանուցագիր ներկայացնել, որ տեղյակ են ինքնամեկուսացման պայմանները խախտելու դեպքում պատասխանատվություն կրելու մասին։

Անչափահասների ինքնամեկուսացման համար պատասխանատվություն են կրելու նրանք, ովքեր ծանուցագիր են ներկայացրել նրանց համար։

Բացառություն են կազմելու օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը)։

Եթե ՀՀ ժամանող անձը խախտի կանոնները, ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել նախարարության սահմանած պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 322–ով և հասել 5928–ի, առողջացել է ևս 293 մարդ։



 Պիտակներ
         Պարետատուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon