Ուրուգվայի կառավարությունը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի նկատմամբ

Իրադարձային 07.10.2020   13:10   30

Ուրուգվայի կառավարությունը նոր հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, որում դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի նկատմամբ, հաղորդում է «Ազատությունը»։

Ըստ «Ազատության»` հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատթարացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ և իր համերաշխությունն է հայտնում այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին: »:

Ուրուգվայը վերահաստատում է իր աջակցությունը միջազգային հանրության կոչերին՝ երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադարի հաստատման, երկխոսության և բանակցությունների մթնոլորտի վերականգնման վերաբերյալ, որը, ըստ հայտարարության, անփոխարինելի պայման է հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում: Այս համատեքստում, Ուրուգվայը սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի անդամների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և երկխոսությունը վերսկսելու կոչերը։

«Հայ և ուրուգվայցի ժողովուրդների մեկդարյա սերտ բարեկամությունը սկիզբ է առել այն պահից, երբ Ուրուգվայը գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթյալներին: Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կերտեց պատմություն: Ուրուգվայը հավատարիմ է իր սկզբունքներին և համոզմունքներին: Այսօր կարևոր է գիտակցել, որ միահամուռ ջանքերով հնարավոր է կանխել նոր ցեղասպանություն: Կանխել և ոչ թե հետագայում ճանաչել և դատապարտել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը:



 Պիտակներ
         Ուրուգվայի կառավարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb