Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 6 ամիս կիրականացնի անվճար կոլոնոսկոպիա

Իրադարձային 12.01.2021   12:16   65

Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 6 ամիս կիրականացնի անվճար կոլոնոսկոպիա 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։ Այս մասին հայտնում են կենտրոնից:

«Կոլոռեկտալ քաղցկեղը 3-րդ ամենատարածված քաղցկեղն է մեծահասակների մոտ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունում այն նույնպես բավականին տարածված է: Վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության որոշակի աճի միտում՝ 2009 թվականի համեմատ 2019 թվականին նոր դեպքերի թիվը մոտ 100-ով ավելի է։ Վաղ հայտնաբերման դեպքում կոլոռեկտալ քաղցկեղը կարող է լիարժեք բուժվել: 5-ամյա ապրելիությունը միջինում կազմում է մոտ 64%, իսկ վաղ հայտնաբերման դեպքում այն հասնում է 90%-ի»,-հայտնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից:

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման հետազոտական մեթոդի ոսկե ստանդարտ է համարվում կոլոնոսկոպիան, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել, այլ նաև հեռացնել պոլիպները կամ կասկածելի գոյացությունից վերցնել կտոր հյուսվածաբանական հետազոտության համար: Այս մեթոդով պոլիպների հեռացումը կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, այն է կոլոռեկտալ քաղցկեղի տարածվածությունը և վաղ հայտնաբերման կարևորությունը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի լավագույն էնդոսկոպիկ համակարգ (կոլոնոսկոպ, գաստրոսկոպ, դուոդենոսկոպ):

«Գիտակցելով իր սոցիալական պատասխանատվությունը քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցում, ՈՒԱԿ-ը վեց ամիս կիրականացնի անվճար կոլոնոսկոպիա (ներառյալ անզգայացումը) 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար»,-հայտնում են կենտրոնից:


 Պիտակներ
         կոլոնոսկոպիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb