Ուիլյամ Գոլդինգ.  «Ճանճերի տերը»

Մտորման համար 08.07.2020   20:00   172

Ուիլյամ Գոլդինգ.  «Ճանճերի տերը» (համառոտ)


Պատերազմի ժամանակ ավիոհարձակման հետևանքով անմարդաբնակ կղզում է հայտնվում Անգլիայից էվակուացված երեխաների խումբ:

Նրանց մեջ առանձնանում են երկուսը՝ Ռալֆը և Ջեք Մերիդյուն: Առաջինն ընկերանում է Խոզուկի՝ ակնոցավոր, աստմայից տառապող տղայի հետ: Ջեքը երգչախմբային կատարող է, և ընտրություններից հետո, երբ առաջնորդ է ընտրվում Ռալֆը, սա և իր երգչախմբի տղաները ինքնահռչակվում են որսորդներ:

Ռալֆն առաջարկում է խարույկ անել լեռան վրա և ցախ հավաքել: Խարույկն անում են Խոզուկի ակնոցի օգնությամբ: Շուտով լուր է տարածվում, թե կղզու վրա ապրում է ինչ-որ «Հրեշ»: Երեխաների երևակայությունն է գրգռում մեռած օդաչուի տարուբերվող պարաշյուտը:

Ջեքը իր որսորդների հետ վայրի խոզերի միս է հայթայթում: Նա աստիճանաբար ավելի է ազատվում Ռալֆի իշխանությունից: Նա առհասարակ դուրս է գալիս ջոկատից և հրավիրում է մյուս տղաներին միանալ իրեն՝ առաջարկելով «վայրենի» ապրելակերպ:
Որոշ տղաներ միանում են նրան և կղզու մյուս հատվածում գոյանում է երկրորդ ջոկատը: Նրանց մոտ գոյանում է Հրեշի ֆետիշ, որին նրանք զոհաբերություններ են կատարում և որին վայրի պարեր են նվիրում: Այդպիսի պարերից մեկի ժամանակ «որսորդները» սպանում են տղաներից մեկին՝ Սայմոնին:

Աստիճանաբար բոլոր տղաներն անցնում են «որսորդների կողմը»: Ռալֆը մնում է Խոզուկի և երկվորյակներ Էրիկի և Սեմի հետ: Միայն նրանք են հիշում, որ հարկ է խարույկներ վառել՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Գիշերը Ջեքի ջոկատը հարձակվում է Ռալֆի ընկերների վրա՝ Խոզուկի ակնոցները խլելու համար:

Ցերեկը Ռալֆը և տղաները գնում են «որսորդների» մոտ ակնոցները վերադարձնելու: «Որսորդները» սպանում են Խոզուկին և գերի են վերցնում երկվորյակներին: Ռալֆը մնում է մենակ:

Նրա վրա որս է սկսվում: Ցանկանալով դուրս հանել նրան անտառից՝ «որսորդները» հրի են տալիս անտառը: Ռալֆը, խույս տալով նիզակներից, վազում է դեպի ափը: Այդ ժամանակ տեսնելով կղզու ծուխը՝ ափին է մոտենում փրկարար զինվորական նավը: Խոսելով նավի սպայի հետ՝ Ռալֆը արտասվում է՝ հիշելով նախկին անմեղությունը, մարդու հոգու մութ կողմերը և թե ինչպես էր օդում պտտվում Խոզուկը, որին վայր գցեցին ժայռից: Լաց են լինում նաև մյուս երեխաները:

Ճանճերի տեր է կոչվում խոզի գլուխը, որը Ջեքի որսորդները ցցահան էին արել և որի շուրջ ճանճեր էին հավաքվել: Այդ գլուխը տեսնում է Սայմոնը, որը տառապելով հոգեկան անհավասարակշռությունից, սկսում է զրուցել խոզի գլխի հետ: Գլուխը ասում է նրան, որ ինքը Հրեշն է և ավելացնում է, որ ինքը ապրում է հենց տղաների մեջ:    



 Պիտակներ
         Ուիլյամ Գոլդինգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb