Ուհանից ՀՀ երկու քաղաքացի է տարհանվել. ութը հրաժարվել են

Իրադարձային 06.02.2020   12:09   235

ՉԻնաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Տեղեկանցնում ենք, որ փետրվարի 6-ի դրությամբ Չինաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պայմաններում իրականացվել է ՀՀ երկու քաղաքացիների տարհանում (էվակուացիա) ՉԺՀ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Նույն նահանգում մնացած ևս 8 ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելուց՝ տեղում իրենց առավել ապահով զգալու պատճառաբանությամբ։ Օտարերկրյա քաղաքացիները Չինաստանից մեկնելու ցանկության դեպքում օգտվում են գործող կանոնավոր չվերթներից։ Այն ՀՀ քաղաքացիները, որոնք կցանկանան մեկնել Չինաստանից ՌԴ օդային տարածքով, կարող են օգտվել հետևյալ կանոնավոր չվերթներից.

    • Պեկին-Մոսկվա-Երևան,
    • Շանհայ-Մոսկվա-Երևան,
    • Գուանգճոու-Մոսկվա-Երևան,
    • Հոնգկոնգ-Մոսկվա-Երևան ուղղություններով (իրականացվում են Aeroflot, Air China, China Eastern և այլ ավիաընկերությունների կողմից, ավիատոմսերը առկա են ազատ վաճառքում):

Միաժամանակ դիտարկվում է Հայաստանից հնարավոր կոմերցիոն (վճարովի հիմունքներով) չարթերային չվերթի իրականացման հնարավորությունը։ Դրա հնարավոր իրականացման պահանջարկի և նպատակահարմարության նախնական գնահատման համար, խնդրում ենք ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը տեղեկացնել նման չվերթից օգտվելու Ձեր ցանկության մասին՝ նշելով անուն, ազգանուն, գտնվելու վայր։

Տեղեկատվությունը անհրաժեշտ է ուղարկել դեսպանության` armchinaembassy@mfa.am էլեկտրոնային փոստին մինչև փետրվարի 7-ի երեկոյան։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ողջամիտ քանակի ուղևորներ հավաքվելու պարագայում չվերթը հնարավոր կլինի կազմակերպել, ամենայն հավանականությամբ՝ Պեկինից, ուստի Ձեզ անհրաժեշտ է հաշվի առնել գտնվելու վայրից Պեկին ինքնուրույն տեղափոխվելու տարբերակները։

Միևնույն ժամանակ խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն փաստաթղթային խնդիրներ կամ հյուպատոսական աջակցության կարիք, այդ մասին հատուկ նշել դեսպանություն ուղարկվելիք նամակում։

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է հետևել իրավիճակին, իր իրավասությունների շրջանակներում ցուցաբերել տարաբնույթ իրավական, հյուպատոսական, տեղեկատվական, խորհրդատվական և այլ օժանդակություն»:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon