Ու որպես փորձված մեթոդ, ներողություն խնդրեց․․․

Տեսանկյուն 03.03.2021   20:00   158

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Գիտնականներն ասում են, որ հիշողությունն ու բարոյականությունը հետաքրքիր փոխհարաբերություններ ունեն։ Որպես մարդու ներաշխարհի պաշտպանական մեխանիզմ, հիշողությունը ջնջում է մարդու կատարած անբարո քայլերը, որպեսզի մարդն իր խղճի հետ հաշտ լինի և կարողանա շարունակել ապրել։ Բայց նման պաշտպանական մեխանիզմը նաև ստորջրյա քարեր ունի՝ առանձնակի դաժան դեպքերում մարդը պարբերաբար կրկնում ա մոռացված տվյալ անբարո քայլը։

Երեկվա հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի ներողության հայցումը ինձ մոտ դեժավյու առաջացրեց։

Դեռ 18 թվականին խնդիր կար, որ մինչև նրա Գյումրուց Երևան հասնելը տվյալ պրոցեսի նկատմամբ վստահություն ներշնչել քաղաքացիական տարբեր խմբերի մոտ։ Շա՜տ քիչ մարդ էր հավատում գործընթացի հաջողությանը։ Թերահավատ ընկերներիցս մեկի հետ զրույցում զուտ տեխնոլոգիական մասով համոզեցի, որ դա հնարավոր է։

Խնդիրը մնաց Նիկոլի անձը։ Ընկերս վիրավորված էր։ Ասում էր, որ նա փոխանակ քաղաքացիական խմբերին լսելու, ասածը հաշվի առնելու և քաղաքականության մաս դարձնելու, թշնամանք ու երկապառակտություն էր մտցրել էդ դաշտ։ Հանրային քաղաքականության մասով մեղադրում էր երեսպաշտության, պատեհապաշտության, ոչ սկզբունքայնության մեջ։ Այնուամենայնիվ, մեր նպատակներն էդ պահին պահին համընկնում էին։

Ընկերս ասեց, որ կաջակցի, եթե զգա, որ Փաշինյանը գիտակցել է էդ սխալները և ներողություն խնդրի նախկինում կատարվածի համար։ Էդ պահանջը փոխանցեցի համարյա բառացի։ Հաջորդ օրը, ասուլիսներից մեկի ժամանակ նա ներողություն խնդրեց բոլորից ու ամեն ինչի համար։

Տեքստը, որ նա արտաբերեց, ֆանտաստիկ էր։

Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ մարդկանց հրապարակներ բերելու համար դա ամենաազդեցիկն էր հեղափոխական գործընթացների ամբողջ ընթացքի համար։

Սերժը մերժվեց։ Բայց արդյո՞ք գիտակցվել էին էն սխալները, որոնց համար 18-ի ապրիլին ներողությունը խնդրեց Փաշինյանը։

Էդ բոլոր սխալները համապետական, տիեզերական մասշտաբների հասան նրա կառավարման տարիներին։ Դրանք հանգեցրին նրան, որ Փաշինյանն էլի հանրային աջակցության կարիք ունեցավ։ Ու, որպես փորձված մեթոդ, ներողություն խնդրեց։ Ես վստահ եմ, որ գոնե ընկերոջս նա այլևս երբեք չի համոզի։ Հիշողությունը գիտելիքի, փորձի ու իմաստնության փոխանցման գործիք ա, բայց երբեմն այն շատ դաժան բան ա։


 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb