Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

Իրադարձային 05.06.2020   12:11   208

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

«Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 22398 արձանագրություն, իսկ հունիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 786 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։

Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:



 Պիտակներ
         ստուգայցեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb