Ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելով՝ խոշոր գումար էր հափշտակել

Իրադարձային 18.12.2019   10:25   188

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելու եղանակով քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1975թ., տեղեկանալով ծանոթի Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված լինելու փաստի մասին,  ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից և վերջինիս արտաքսման հարցի կարգավորումը օրինական ճանապարհով կազմակերպելու պատրվակով, պայմանավորվածություն է ձեռք բերել 1.000.000 ՀՀ դրամ գումարի դիմաց լուծել այդ հարցը և  2019թ. սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է վերջինիս և մաս-մաս ստացել գումար: Հանդիպումներից մեկի ժամանակ, 45-ամյա տղամարդը խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելուն ուղղված գործողություններն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, հերթական անգամ գումար ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 317-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:



 Պիտակներ
         մեղադրանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon