«Ոսկե ծիրանը» Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի բացօթյա ցուցադրություն է իրականացրել

Cinema 21.07.2020   17:50   217

Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի ստեղծման 40-ամյակի առթիվ՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կինոնկարի բացօթյա ցուցադրություն է իրականացրել «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում։ Կինոդիտումն անցկացվել է հուլիսի 20-ի երեկոյան։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունից։ 

Այս կերպ շատ սեղմ ժամկետներում փորձ արվեց մեկ ֆիլմի ցուցադրությամբ պահպանել փառատոնի ամենամյա կոլեկտիվ կինոդիտման՝ այս օրերին անհասանելի գեղեցիկ ավանդույթը։ Կինոդիտմանը մասնակիցները գալիս էին իրենց սեփական ավտոմեքենաներով, որոնցից էլ հենց դիտում էին ֆիլմը։

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը փաստում է՝ հրաշալի հնարավորություն էր կինոյին կարոտ մարդկանց փորձել ինչ-որ կերպ ֆիլմ ցույց տալ, այն էլ՝ ոչ թե օնլայն, այլ ապահովել կոլեկտիվ կինոդիտումը։ «Միակ հնարավոր ձևաչափը, հաշվի առնելով իրավիճակը, սա էր։ Պետք է ասել, որ նմանատիպ ցուցադրությունները նոր երևույթ են Հայաստանի համար, սակայն արտերկրում շատ ընդունված ձևաչափ է»,-նշեց նա՝ առանձնահատուկ ընդգծելով, որ չնայած համավարակին հուլիսին փառատոնը հանդես է եկել ինչպես օնլայն, այնպես էլ՝ կենդանի նախաձեռնություններով:

«Փայլատակում»-ը ռեժիսոր Սթենլի Կուբրիկի՝ 1980 թվականին Սթիվեն Քինգի համանուն գրվածքի հիման վրա նկարահանած ամերիկյան ֆիլմ է։ Այն շատ կինոքննադատների կարծիքով համարվում է լավագույններից մեկը սարսափ ֆիլմերի ժանրում։



 Պիտակներ
         «Ոսկե ծիրան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb