«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ

Քաղաքական 17.02.2020   15:21   1028

«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ վաղը կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու գործընթացում են։

Հարցին, թե արդյո՞ք քարոզչություն կիրականացվի նաև մարզերում, Մելիքյանն ասաց, որ այս պահին դա արդիական չէ, բայց հայտարարությամբ ներկայացված դրույթներն ուժի մեջ են։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենց հայտարարությունը և հանրային հայտը վերաբերում է հարթակ հանդիսանալուն, այլ ոչ թե՝ քարոզչություն իրականացնելուն։

«Մենք քարոզչական այս հարթակը դիտարկելու ենք որպես հարթակ այն քաղաքական ուժերի համար, որոնք ասելիք ունեն այս հակասահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։ Եթե նախաձեռնող խմբի անդամները հրապարակային դիմեն նաև օրենքով սահմանված ձևաչափերում հանդես գալու համար, ապա բացառապես իրավական տիրույթում, այլ ոչ թե՝ քաղաքական»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, որին ներկայացված փոփոխությունների փաթեթով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

Նախագծի հեղինակ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը, որը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:



 Պիտակներ
         «Ոչ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon