Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

Աշխարհ 16.11.2020   16:30   42

Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

Լեոնիդների ասուպային հոսքը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։

Քանի որ նոյեմբերի 15-ին Նորալուսին է եղել, թույլ ասուպներն ավելի լավ կդիտվեն նաև առավելագույն փուլին նախորդող օրերին: Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:

Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»:


 Պիտակներ
         ասուպային հոսք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb