Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընտրվել է Կաննի 73-րդ փառատոնի՝ «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում

Cinema 05.06.2020   21:30   357

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Fall) ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության  «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features)  անվանակարգում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ ռեժիսորի այս աշխատանքը  հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։

Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի  վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»` (Kwassa Films) ։

Ֆիլմը նկարահանվել է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ 

Հայաստանում կինոյի պատասխանատուների և  կինոարտադրողների շնորհիվ, համատեղ արտադրությունը դանդաղ բայց հաստատուն քայլերով գնում է առաջ, արդեն երևում են կինոինդուստրիայի գրանցած առաջին հաղթական ու ապագայի խոստումնալից ծիլերը։

Կինոնկարի հաջողությունը մեծապես պայմանվորված է ֆիլմի ռեժիսորի և աշխատանքային թիմի երկար տարիների  շարունակական ու համառ աշխատանքով։

 «Սա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է , որը կարող է հավակնել «Ոսկե տեսախցիկ » մրցանակին։ Այս տարի Թիերի Ֆրեմոն ընտրված ֆիլմերը չի բաժանել մրցութայինի և ոչ մրցութայինի․ դրանք  ներկայացված են  մեկ ընդհանուր ցուցակով։ Թեև ժյուրին չի աշխատելու, բայց Կաննի փառատոնի պատասխանատուները աջակցելու են այդ ֆիլմերի ցուցադրություններին ամբողջ աշխարհում, կազմակերպելու են մամուլի ասուլիսներ և այլն։ Ինչ վերաբերում է «Եթե քամին վրա հասնի»  ֆիլմին, ապա  Թիերի Ֆրեմոն ասուլիսի ժամանակ ասել է, որ այն իրենց  շատ է դուր եկել։  Այս պահին մենք ունենք դեռ ACid-ի ծրագիրը, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Այն  նախատեսում է լայնածավալ ցուցադրություններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլ այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն կինոնկարի տարածմանն ու դիտրիբյուցիային»,- այս մասին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ ունեցած (շնորհավորական) հեռախոսազրույցի ժամանակ ասել է Նորա Մարտիրոսյանը։

Ֆիլմի ստեղծման գործընկերներն են՝   CNC, Eurimages, National Cinema Center of Armenia, Région Nouvelle-Aquitaine, Fonds Wallonie-Bruxelles, Région Occitanie, TV5 Monde, Cineventure, Procirep, Hubert Bals Fund, Villa Médicis, Jerusalem Filmlab, Open Doors Locarno, Atelier de la Cinéfondation, Cannes 2014 - Prix ARTE International, Cannes 2014, Ateliers du Festival Premiers Plans d‘Angers, Prix du scénario au festival d‘Amiens, Prix Beaumarchais Cinemed, Bourse Institut français, la Fabrique Cinéma de l'Institut français.

Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ և ֆրանսիացի դերասաններ՝ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը և Գրեգոր Քոլինը։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը  ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան:

Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: 



 Պիտակներ
         Նորա Մարտիրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb