Նոր սահմանադրությունը Թուրքիայում կուժեղացնի ավտորիտարիզմը․ Քեմալ Քըլըչդարօղլու

Աշխարհ 09.02.2021   18:15   42

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկին։

Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ Թուրքիան կարիք ունի նոր, ավելի ժողովրդավարական սահմանադրության՝ պայմանով, որ սահմանադրության առաջին չորս հոդվածները նույնությամբ կպահպանվեն։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուն մտահոգություն է հայտնել, որ Էրդողանի առաջարկած փոփոխոթյունները ոչ թե ժողովրդավարությունը կհզորացնեն, այլ՝ ավտորիտարիզմը։

«Նոր սահմանադրությունը պետք է կատարելագործի Թուրքիայի ժողովրդավարական չափանիշները, մենք դրա կարիքն ունենք։ Մենք կարիք ունենք ավելի հզոր պառլամենտական համակարգի։

Բայց դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ նոր սահամանդրությունը ներկայացնող գործադիր իշխանությունը վստահելի ուժ լինի։ Մենք իշխանություններին վստահելի, համոզիչ չենք համարում։ Այն իշխանությունները, որոնք չեն ենթարկվում անգամ առկա սահմանադրությանը, ինչպե՞ս կարող են ժողովրդավարական սահմանադրություն առաջարկել։

Ես մտահոգություն ունեմ, որ այն սահմանադրական փոփոխությունները, որոնց մասին խոսվում է, ոչ թե ժողովրդավարությունն են հզորացնելու, այլ՝ ավտորիտարիզմը», - հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ժամանակ։


 Պիտակներ
         Սահմանադրություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb