Ներկայացուցիչների պալատի անդամները Բայդենին կոչ են արել վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը

Աշխարհ 02.03.2021   16:15   45

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ավելի քան 170 անդամներ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը՝ պայմանավորված այդ երկրում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ արձանագրված դեպքերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Բայդենի վարչակազմին:

«Մինչ Բայդենի վարչակազմը ձևակերպում է Թուրքիայի նկատմամբ իր արտաքին քաղաքականությունը, մենք խնդրում ենք ուշադրություն դարձնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք տեղի ունեցած մարդու իրավունքների տագնապալի խախտումներին։ Նախագահ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օգտագործել են իրենց գրեթե քսան տարվա իշխանության գալը, որպեսզի թուլացնեն Թուրքիայի դատական համակարգը, քաղաքական դաշնակիցների նշանակեն առանցքային ռազմական և հետախուզական պաշտոններում, ճնշեն խոսքի ազատությունն ու ազատ մամուլը և անօրինական կերպով բանտ նստեցնեն քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին և փոքրամասնություններին»,- ասված է նամակում:

Ներկայացուցիչների պալատի անդամները նշել են, որ 2016 թվականից ի վեր ավելի քան 80 000 թուրք քաղաքացիներ բանտարկվել կամ կալանավորվել են, իսկ ավելի քան 1 500 ոչ կառավարական կազմակերպություններ փակվել են քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար:

«Նախագահ Էրդողանի կառավարությունը նույնիսկ իր ոճը բերեց մեր երկրի մայրաքաղաքի փողոցներ, երբ 2017 թ. Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ անվտանգության ծառայության թուրք աշխատակիցները հարձակվեցին խաղաղ ցուցարարների և դաշնային ծառայողների վրա։ Էրդողանի 4 թիկնապահներին մինչ օրս մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում այդ միջադեպի համար։ Նրանք ազատության մեջ են մնում Թուրքիայում։ Թեև մեր ընդհանուր շահերից է բխում, որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան մնան ռազմավարական դաշնակիցներ և վերացվեն մեր միջև տարաձայնությունները, սակայն մենք կարծում ենք, որ նախագահ Էրդողանի և նրա կուսակցության պահվածքի փոփոխությունները կենսական նշանակություն ունեն այդ հարաբերությունների վերականգնման համար»,- նշված է նամակում:

Նամակի հեղինակները Բայդենի վարչակազմին կոչ են անում առավել մեծ ուշադրություն դարձնել երկու երկրների միջև հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb