Նախապայմաններ չորրորդ ուժի համար

Տեսանկյուն 06.12.2020   13:15   417

Իշխանությունը ժամանակավորապես Փաշինյանին հանձնած հայաստանյան քրեա-օլիգարխիկ կլանն իր առաջին խնդիրը լուծել է. հողերը հանձնել են Փաշինյանի ձեռքով, ընդ որում՝ իրենցից ոչ մեկը բանտում չի հայտնվել։ Հիմա ժամանակն է ամեն գնով հետ վերցնել իշխանությունը Փաշինյանի ձեռքից։ 

Քաղաքական ուժերի դասավորվածությունը

Հայաստանում քաղաքական ուժերի 3 բևեռ կա՝ 

  1. նախկին քրեա-օլիգարխիկները, 
  2. փաշինյանականները, 
  3. Տեր-Պետրոսյանին հարող ուժերը։

Մնացած բոլոր ուժերը փաստացի կամ գաղափարաբանությամբ առնչվում են այս 3 խմբերից որևէ մեկին։

Տանուլ տված պատերազմը Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել.

  1. պարտություն կրած Փաշինյանի իշխանության մնալը հարցականի տակ է,
  2. նախկին քրեա-օլիգարխիկների իշխանության գալն ազգովի մերժված է,
  3. 20-ամյա հակաքարոզից հետո շեշտակի բարձրացել է Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը և բնական է համարվում նրա վերադարձը իշխանություն։

Քաղաքական միտումները

Իշխանության փոփոխությունը պատերազմի տխուր արդյունքի հետևանքով դարձել է անհարաժեշտություն և ներքաղաքական լարվածության հանգուցալուծման միակ գրավականը։ Այս առումով 3 միտում կա.

  1. Փաշինյանն է ձգտում պահպանել իր իշխանությունը,
  2. Նախկին քրեա-օլիգարխիկներն են ձգտում իշխանությունը վերցնել Փաշինյանից,
  3. Հասարակությունը ձգտում է վստահելի իշխանության։

Քաղաքական ուժերի 3 բևեռներից ամենաշահեկան դիրքում հայտնվել են Տեր-Պետրոսյանին հարող ուժերը։ Սա հասկանում են բոլորը՝ և փաշինյանականները, և քրեա-օլիգարխիկները, և հասարակությունը։ Ուստի, դեռևս իշխանության վերադառնալու նույնիսկ որևէ ակնարկ չկատարած Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ հայտնվել է վերոնշյալ երկու ուժային բևեռների ագրեսիվ հարձակումների թիրախում։

Քաղաքական ուժերի ռեսուրսները

Առաջին՝ նախկին քրեա-օլիգարխիկների քաղաքական բևեռն այս պահին քաղաքական դաշտում ամենաակտիվն է. հեղափոխության 2.5 տարում նրանք, հսկայական ռեսուրսներ ներդնելու շնորհիվ, «գրավել» են ընդդիմադիր դաշտը հենց այսօրվա համար։ Սակայն ժողովրդի 80 տոկոսի կողմից մերժված լինելն իշխանության գալու նրանց հիմնական խոչնդոտն է, ինչը նշանակում է, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում այդ հավանականությունը գրեթե զրոյական է։ Ուստի իշխանության գալու համար այս ուժերը որևէ կերպ պետք է շրջանցեն ազատ և արդար ընտրությունները։ Բայց ինչպե՞ս։

Հիմա յուրաքանչյուր միջին մտավոր կարողություններով քաղաքացու համար միանշանակ է, որ նախկին քրեա-օլիգարխիկների իշխանության գալու միակ երաշխիքը ընտրություններ կեղծելն է։ Հետպատերազմական ժամանակաշրջանում այս ուժերի բոլոր քայլերը, հռետորաբանությունը, քաղաքական ակցիաները, ագրեսիան, մեդիաուղղվածությունն ամփոփվում է «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր» կարգախոսում։ Իսկ սա միայն մեկ բան է նշանակում, այն, որ Նիկոլի հեռացմամբ ենթադրվում է ստեղծել երկիրը կառավարող մի «անցումային մարմին» սահմանադրական, թե հակասահմանադրական՝ նրանց համար միևնույն է։ Միանշանակ է, որ այդ «անցումային կառավարող մարմինը» մինչև ընտրությունները հապշտապ պետք է վերականգնի ընտրակեղծարարության իրենց նախկին հզոր մեքենան։ Այս ռեսուրն, անշուշտ ունեն նախկին քրեա-օլիգարխիկները, և այն կիրառել-իրականացնելու համար, որպես անցումային վարչապետ առաջարկել են Վազգեն Մանուկյանին։ 

Պատերազմում պարտության պատասխանատվությունը պարտակելու անհրաժեշտությամբ իշխանության մնալու բնական ձգտում ունի  նաև երկրորդ՝ կառավարող քաղաքական ուժը, որի միակ ռեսուրսը մնացել են իշխանական լծակները, որոնք ընտրակեղծարարության սակավ տեսանելի և ապացուցվող է, քան, այսպես կոչված, «ՀՀԿ-ական տասովչիկների բանդան»։ Սա նշանակում է, որ այս ուժը, «նեղն ընկնելու դեպքում», ևս կարող է հակվել ընտրակեղծարարության, բայց փոքր մասշտաբներով։ Իսկ լայնամասշտաբ ընտրակեղծարարություն կառավարող ուժը ուզենա էլ, չի կարող, քանի որ այդ դեպքում ստիպված է դիմել հների «տասովչիկներին», որոնք բնականաբար «կքցեն» Նիկոլին՝ ի օգուտ իրենց նախկին տերերի։

Երրորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հարող ուժերի ռեսուրը եղել և մնում է անկեղծ խոսքն ու գիտակից հասարակությունը, իհարկե՝ ազատ և արդար ընտրությունների երաշխիքով։ 

Եզրակացությունն այն է, որ առաջիկա պայքարը ընտրություններում լինելու է Վազգեն Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ուժերի միջև։

Քաղաքական բևեռների առճակատումը

Քրեա-օլիգարխիկների թեկնածուն ընտրված է Վազգեն Մանուկյանը, որովհետև նրանց միջից միայն նա ունի հետևյալ 3 «հաղթաթղթերը».

  1. Մանուկյանը հեշտությամբ կվերականգնի ընտրակեղծարարության մեքենան և վստահաբար իշխանության կբերի ստվերում պահված իրական թեկնածունին՝ թերևս Ռոբերտ Քոչարյանին կամ այդ թիմից որևէ մեկին, ինչը միևնույն բանն է։
  2. Մի կողմ դնելով քարոզչական շղարշը, տեսանելի է, որ Փաշինյանն ավելի շուտ Վազգեն Մանուկյանի հոգեզավակն է, քան Լևոն Տեր Պետրոսյանի, ինչն ապացուցված է Փաշինյանի հայտնի ներողությամբ, որ խնդրել էր նրանից։ Ուստի Փաշինյանն ավելի շուտ իշխանությունը կհանձնի Վազգեն Մանուկյանին, քան Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, առավել ևս՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։
  3. Մանուկյանն իրեն Տեր-Պետրոսյանի հակառակորդն է հայտարարել դեռևս 90-ական թվականներից և արդեն իսկ քարոզ են սկսել, թե ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեն սխալ է վարվել, որ առաջնորդ է ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին. այ որ ընտրած լինեին Վազգեն Մանուկյանին, Հայաստանն այլ ճանապարհով կընթանար, առաջին պատերազմը կընդհատվեր ոչ թե հրադադարով, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայով, Բաքվում թեյ խմելն էլիտար իշխանավորների ամենօրյա հոբբին դարձած կլիներ, Սևրի պայմանագրին հետամուտ լինելուց Թուրքիան չէր համարձակվի հարձակվել խրոխտ Հայաստանի վրա թեկուզ Արցախի միջոցով և այլն, և այլն... 

Այսինքն, ըստ առաջադրողների, իրենց միջից միայն Վազգեն Մանուկյանն է Լևոն Տեր-Պետրոսյանի «դեմն առնողը»։ 

Այս ուժերի գլխավոր մանիպուլյացիան նաև այն է, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ոչ թե արտահերթ ընտրություններ։ Թվում է, թե երկուսն էլ նույն բանն են, բայց իրականում այդպես չէ. Փաշինյանի հրաժարականը նշանակում է նոր՝ «անցումային մարմնի» ստեղծում, ինչը հենց այս ուժերի սցենարն է և Հայաստանի պետականության ապագայի տեսանկյունց բավականին մշուշոտ և անհեռանկար։ Իսկ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը չի ենթադրում անցումային որևէ մարմին. այս դեպքում կառավարող ներկա ուժն ինքը պետք է դառնա ազատ և արդար ընտրությունների երաշխավոր, այսինքն իշխանության հարցը լուծել ընտրություններով և ոչ թե «անցումային մարմնի» միջոցով։

Կառավարող ուժը Փաշինյանի գլխավորությամբ երկու քարի արանքում է՝ մերժվածների և մերժվածներին ի սկզբանե մերժածների։ Փաշինյանը պետք է դիմակայի Տեր-Պետրոսյանին հարող ուժերին, բայց միևնույն ժամանակ չի կարող տուրք տալ մերժվածներին, քանի որ ընտրողների համար ինքն էլ կդառնա մերժված, եթե, իհարկե, արդեն չի դարձել։ Ուստի, Նիկոլ Փաշինյանն իր ինքնուրույն խաղը պետք է տանի՝ փորձելով 2018 թվականին իր ստացած 70 տոկոս ձայներից փրկել անցողիկ նվազագույնը։ Այս հույսով և իր բնավորությամբ նա կպայքարի անզիջում։

Քաղաքական ներկա իրավիճակում քաղաքական ուժերի այժմյան դասավորվածության մեջ, ունեցած ռեսուրսների հարաբերակցության հաշվարկի արդյունքում վերջին խոսքը մնում է Լևոն Տեր-Պետրոսյանին. փորձառու Տեր-Պետրոսյանն ունակ է հայաստանյան ողջ քաղաքական դաշտին իր օրակարգը առաջադրել։

Չորրորդ ուժի հավանականությունը

Իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում նոր խաղացողի հայտնությունն ու ընտրություններում հաղթանակ տանելն իրատեսական չէ առաջին հերթին ժամանակի սղության պատճառով։ Թեև նոր խաղացողի համար կա «անհասցե» մնացած լայն ընտրազանգված. 

  • Նիկոլից հիասթափվածներ, մերժվածներին կրկնակի մերժողներ, այս երկու խմբերին միասին մերժողներ, նաև՝ Լևոնին չընտրողներ, կարճ՝ բոլորին մերժողներ։ 

Սակայն, նոր քաղաքական միավորի ի հայտ գալուն և առաջխաղացմանը կարող է նպաստել վերևում նշված կառավարող ուժի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասին։ Այս դեպքում նոր ուժը պետք է. 

  1. պահանջել արտահերթ ընտրություններ և ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը,
  2. աջակցի կառավարող ուժին ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում,
  3. մինչև ընտրություններն աջակցի կառավարող ուժին նաև այլ հարցերով, օրինակ՝ պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված կառավարության ծրագրերին, մասնավորապես գերիների և անհետ կորածների, ինչպես նաև փախստականների աջակցությանն ուղղված միջոցառումներին։

Թերևս այսքանը բավարար կլինի, որպեսզի նոր քաղաքական միավորը ընկալելի և ընդունելի լինի և հասարակության, և բոլոր 3 քաղաքական ուժային բևեռներին՝ հնարավորության դեպքում Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերները, մասնավորապես բանակցությունները մինչև ընտրությունները սառեցնելու պայմանով։

Արմեն Գևորգյան,
«Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահ


 Պիտակներ
         Արմեն ֆոն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb