Նախագահ Սարգսյանը շարունակում է հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների հետ

Իրադարձային 07.02.2019   11:45   451

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։

Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա մեծ ներուժն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանը հարուստ է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, և այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է մեր երկրի համար։

Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, նշված ոլորտներում մեծ փորձառություն ունեցող գործարարն առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումները շարունակելու և գործակցությանն առավել առարկայական ընթացք տալու համար։

Նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։ Համաձայնություն է ձեռք բերվել ապրիլին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։


 Պիտակներ
         Արմեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb