«Նաիրի Ինշուրանս»-ը պետությանը պատճառել է 200 մլն դրամի վնաս

Իրադարձային 21.01.2019   12:26   217

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը, որում ասված է․
«Իրավապահ մարմինների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:
ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ:
Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ նախկին աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձինք, որոնք  փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: 
Արդյունքում, որպես միջնորդավճար փոխանցված գումարները «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ի կողմից ներառվել են 2016-2017 թվականների հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկների ծախսային հոդվածի մեջ, նշված գումարների չափով նվազեցվել է հարկվող շահույթը, ինչի հետեւանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ  200 միլիոն ՀՀ դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների): 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ»:



 Պիտակներ
         պետությանը պատճառած վնաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon