Ն․ Զոհարաբյան․ «Ալիևը կրկին Հայաստանին սպառնալու ծիծաղելի փորձեր արեց»

Քաղաքական 22.01.2019   11:42   369

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: 
Ստորև ներկայացնում ենք հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի ելույթը։

«Հարգելի գործընկերներ,
Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ 
Ես ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չուներ։ Դա հեղափոխություն էր՝ ընդդեմ հուսահատության և բեսպրեդելի, հեղափոխություն էր՝ ընդդեմ կոռուպցիայի և ամենաթողության։ Այսօր արդեն նոր Հայաստան է, նոր քաղաքական իրողություններով, նոր քաղաքական և տնտեսական օրակարգով և աշխարհի հետ հարաբերությունների բացարձակապես նոր որակով։ 
Բրիտանական «Էկոնոմիստը» Հայաստանը համարեց տարվա երկիր և անչափ կարևոր է, որ ԵԽ և ԵՄ լոկոմոտիվ երկրները ողջույնի և քաջալերանքի խոսքերից անցնեն շատ ավելի գործնական քայլերի։ Իսկ գործնական քայլերը ներդրումներն են, որոնց համար այսօր Հայաստանում խաղի նոր կանոններն են հաստատված։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մոդել՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես է հնարավոր փոքր տնտեսություն ունեցող երկրում ձևավորել ինովացիոն միջավայր՝ նորարարական կազմակերպություններ ստեղծելու համար, որոնք պետք է դառնան նոր տնտեսական քաղաքականության շարժիչը։ 
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Հայաստանին սպառնալու ծիծաղելի փորձեր արեց, հայտարարելով, որ մեկուսացնելու են Հայաստանին տարածաշրջանային բոլոր նախագծերից։ Ես շարունակում եմ լավատես լինել և հույս ունենալ, որ թե՛ մեր, թե՛ միջազգային այլ կառույցներում և թե՛ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նման հայտարարությունները պետք է անարձագանք չմնան։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում բացառիկ դերակատարություն ունեցող երկիր և մենք պատրաստ ենք նոր որակի քաղաքական և տնտեսական հարաբերություններ հաստատել միջազգային մեր գործընկերների հետ, հանուն այն հաջողության, որի անունն է ժողովրդավարություն և զարգացում»։



 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան, ԵԽԽՎ նստաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon