Մունկ «Ճիչը»՝ նախազգուշացում մարդկությանը

Art News 22.05.2020   20:45   1164

«Ճիչ» (նորվ.՝ Skrik), նկարների շարք, որը ստեղծել է նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը 1893-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Նկարներում պատկերված է հուսահատության եզրին գտնվող մարդու կերպարանք, ով անզորությունից ճչում է։ Մարդը պատկերված է արնագույն-կարմիր երկնքի ու ծայրաստիճան ընդհանրացված բնապատկերի ֆոնի վրա։ 1895 թվականին Մունկն ստեղծել է այս սյուժեով վիմագրություն։

«Ճիչը» համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և դարձել է 20-րդ դարի արվեստի յուրօրինակ «նախերգանքը»։ Այն հանդիսացավ մոդեռնիզմի համար անկյունաքարային երևույթ, քանի որ վերաբերում է մենակությանը, հուսահատությանն ու օտարացմանը, որոնք այդ ուղղության գլխավոր բնորոշ գծերից են։ Կարծես թե նկարիչը նայել ու տեսել է գալիք հարյուրամյակին սպառնացող վտանգները՝ համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, բնապահպանական ճգնաժամեր և պատկերել է դրանց լուծումը չգտնող մարդուն, որ ճչում է հուսահատությունից։

Նկարիչը ձեռնարկեց մի քանի փորձեր՝ կտավին փոխանցելու անջնջելի տպավորությունները։ Տպավորիչ մայրամուտը նկարելու մասին հայտնեցին նկարչի բարեկամներն ու ծանոթները։ Նկարաշարի առաջին աշխատանքը եղավ «Հուսահատություն» նկարը (սկզբում հայտնի էր «Տրամադրություն մայրամուտի ժամանակ» անվանումով)։

Այս աշխատանքը Մունկն արել է ռեալիստական ժանրում։ Պատկերված գլխարկով մարդը նման է հենց իրեն՝ Մունկին, ով մի փոքր կորանալով կռթնել է կամրջի բազրիքին և նայում է արնագույն երկնքին։ Երկու այլ տղամարդիկ էլ են պատկերված այս նկարում. նրանք նույնպես գլխարկներով են ու հեռանում են գլխավոր կերպարից[։ Մեկ այլ տարբերակում կենտրոնական ֆիգուրը հիշեցնում է «Մելանխոլիա» կտավի գլխավոր հերոսին. նա ունի ներքև խոնարած գլուխ, թունդ գույնով գծագրված աչքեր[3]։ Պարզորոշ է, որ նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում գտնել համապատասխան կերպար, որը կկարողանար արտահայտել այն ժամանակ իր ապրած սարսափն ու հուսահատությունը։

Վերջապես, 1893 թվականին նա նկարում է կտավի նոր տարբերակը, որն ի վերջո համաշխարհային պատմության մեջ հայտնի է դառնում «Ճիչ» անվանումով։ Սա հակասական ռեալիստական մարդու կերպար է, որը վերաձևափոխվում է աղավաղված, անսեռ կմախքի։ Առաջին անգամ այս նկարը և դրա մյուս տարբերակները ցուցադրվել են հանրությանը «Հուսահատություն» անվամբ։ Սակայն ավելի ուշ այն պատմության մեջ մտավ «Ճիչ» անվանումով։ Անձամբ նկարիչը նկարին տվել է գերմաներեն «Der Schrei der Natur» («Բնության ճիչը») անվանումը։ Էդվարդ Մունկի կեսագիր Ատլե Նեսը հայտնում է, որ նկարի վերջնական անվանումը հուշել է Վիլհելմ Կրագի «Ճիչ» բանաստեղծությունը։

Գրականության մեջ նշվում են բազմաթիվ վարկածներ, թե ինչն է առիթ հանդիսացել հանդիսացել «Ճիչը» ստեղծելու համար։ Կենսագիր Դյու Պրիդոն նշում է, որ Էկեբերգի մոտ գտնվում էր Օսլոյի ամենամեծ սպանդանոցը, իսկ դրանից ոչ շատ հեռու էլ գտնվում էր մի հոգեբուժարան, որտեղ բուժվում էր Էդվարդ Մունկի փոքր քույրը՝ Լաուրա Մունկը։ Չնայած հետազոտողը միանշանակ խուսափում է այդ փաստը նշել որպես նկարի ստեղծման շարժառիթ, բայցևայնպես նշում է. «Ասում էին, որ սպանվող կենդանիների ճիչն ու հոգեկան հիվանդների աղաղակը միախառնվում էին միմյանց հետ. դա անտանելի էր»։ 

 Արվեստագետերն ու Մունկի կենսագիրները կոչ են անում նման վարկածների վերաբերվել զգույշ, քանի որ պարզ չէ, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել այն իրադարձությունները, որոնց մասին իր հուշերը Մունկը գրի է առել Նիսում։ 

1978 թվականին արվեստագետ Ռոբերտ Ռոզենբլյումը ենթադրել է, թե նկարի առաջին պլանում պատկերված տարօրինակ, անսեռ արարածին նկարիչը կարող է տեսած լինել 1899 թվականին Փարիզում։ Այդ ժամանակ այնտեղ անցկացվում էր Համաշխարհային ցուցահանդեսը, որի ժամանակ Մունկը տեսել է պերուական մումիաներ։ Մումիան՝ փաթաթված էմբրիոնի դիրքով, բաց բերանով ու պարզած ձեռքերով, Պոլ Գոգենին նույնպես ցնցել է (նա ստեղծել է ուրվանկարների մի շարք այդ թեմայով)։ Իտալացի անթրոպոլոգներից մեկը հայտնել է, որ Մունկը տեսել է մումիա, բայց ոչ թե Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, այլ Ֆլորենցիայի թանգարաններից մեկում, որի պատկերը ավելի նման է նկարի գլխավոր հերոսին։

Առաջին անգամ «Ճիչը» (այդ ժամանակ դեռևս հայտնի էր «Հուսահատություն» անվանումով) հանրությանը ներկայացվել է 1893 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած բեռլինյան ցուցահանդեսի ժամանակ։ Այդ ցուցահանդեսին Մունկը ներկայացել էր նկարաշարով, որը կոչվում էր «Սեր» («Die Liebe»)։ Ցուցադրվող նկարների շարքում էին նաև «Ձայն», «Համբույր» և «Խանդ» նկարները, որոնք խորհրդանշում էին սիրո ծնունդը, ծաղկումը և մահը։ Ցուցահանդեսը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից և արժանացավ շատ բացասական արձագանքների քննադատների կողմից։ Այնուամենայնիվ արժանացավ գովասանքի ու հիացման այնպիսի արվեստագետի կողմից, ինչպիսին է Ստանիսլավ Պշիբևսկին։

Աղբյուրը՝ wikipedia.org

Похожее изображение



 Պիտակներ
         «Ճիչ», Մունկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon