Մոերակիի գլաքարերը

Art News 13.07.2020   22:00   1698

Նոր Զելանդիայի յուրօրինակ բնական հուշակոթողների շարքում առանձնահատուկ են Մոերակիի գլաքարերը։ Դրանք գտնվում են համանուն բնակավայրի մոտ՝ Կոեկոհե գեղատեսիլ լողափի տարածքում։ Առաջին անգամ իդեալական գնդաձև հսկա քարե կազմավորումները տեսնելուց հետո դժվար է անգամ պատկերացնել, որ դրանք բացառապես բնական ուժերի ստեղծագործության արդյունք են։

300 մետր երկարությամբ ձգվող ափին զբոսնելիս հարյուրավոր նման գնդաձև գլաքարեր կտեսնեք։ Դրանց տրամագիծը տատանվում է 0,5-ից 2,2 մետրի միջև։

Այդ գլաքարերն արտաքինից տարբերվում են։ Դրանց մի մասի մակերևույթը իդեալակ հարթ է, իսկ մյուսները շատ գեղեցիկ նախշերով են պատված։ Խորհրդավոր այս օբյեկտները ուսումնասիրելու համար ժամանակակից գիտնականներն օգտագործել են միայն եղած տեխնիկական արսենալը։

Քարերի ուսումնասիրության արդյունքը սպասելի էր։ Դրանք տիղմի, ավազի ու կավի խառնուրդ են՝ սոսնձված կրածնաքարով։ Եթե քարից այս կազմավորումների բաղադրությունը ոչ մի զարմանալի բան չի ներկայացնում, ապա դրանց իդեալական ձևը շարունակում է գաղտնիք մնալ։ Դինոզավրերի քարացած ձվեր, թռչող ափսեների մասեր․ ահա վարկածներից երկուսը, որոնցով մարդիկ փորձում են բացատրել բնական այս ֆենոմենը։

Իսկ գիտնականների մեծ մասը հակված է այն մտքին, որ 60 միլիոն տարի առաջ գլաքարերը ձևավորվել են օվկիանոսի հատակին, իսկ ջրի աստիճանական հետ քաշվելու արդյունքում հայտնվել են մակերեսին։ Եթե հավատանք այս վարկածին, ապա միջին չափի մեկ քարի ձևավորման համար մոտ 5,5 միլիոն տարի է անհրաժեշտ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb