ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է 10 մլն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանին

Աշխարհ 31.01.2019   17:15   626

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Վրաստանի ներկայացրած հայցն ու Ռուսաստանի իշխանություններին պարտավորեցրել 10 մլն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանին՝ 2006 թվականին երկրից բազմաթիվ վրացիների արտաքսման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՄԻԵԴ վճռի համաձայն՝ Վրաստանի ավելի քան 1500 քաղաքացի ՌԴ-ից հարկադրված հեռանալուց շուրջ 13 տարի անց դրամական փոխհատուցում կստանա ռուսական կողմից:

Հայտնի է, որ արտաքսված քաղաքացիներից յուրաքանչյուրը կստանա 2000-ական եվրո փոխհատուցում: Մինչդեռ ապօրինաբար ազատազրկված վրացիներին կվճարվի 10 000-15 000 եվրո: Նույնչափ փոխհատուցում կստանան նաև նրանք, ում իրավունքները խախտվել են կալանքի տակ գտնվելու ընթացքում:

Նշվում է, որ ՄԻԵԴ-ի վճիռն անբեկանելի է և ենթակա չէ բողոքարկման: Վճռի պատշաճ իրականացմանը հետևում է Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովը:

2006 թվականին Վրաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր ՌԴ գլխավոր հետախուզական վարչության 4 աշխատակից, ի պատասխան դրա Ռուսաստանն այցագրային ռեժիմի խախտման համար սկսել էր զանգվածաբար արտաքսել Վրաստանի քաղաքացիներին: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության՝ այդ ընթացքում արտաքսվել է 4634 վրացի:



 Պիտակներ
         Վրաստան, Ռուսաստան, ՄԻԵԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon