«Մեզ օդի ու ջրի նման հարկավոր են օտարերկրյա ներդրումներ»․ գործարարները՝ ՀՀ նախագահին

Իրադարձային 29.06.2020   11:13   14

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրերս  հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ՝ քննարկելու համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները, դրանք լուծելու ուղիները, գործարարներին աջակցելու հնարավորությունները, զարգացման ճանապարհները։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահության անդամներ Նորայր Խաչատրյանը («Իմէքս գրուպ» ՍՊԸ), Արմեն Մկոյանը («Էլիտ գրուպ» ՓԲԸ), Վահագն Մկրտչյանը («Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ), Արմեն Տեր-Տաճատյանը («Տեր-Տաճատյան իրավաբանական և բիզնես խորհրդատվական» ՓԲԸ)։

Հանդիպման ընթացքում նախագահը մասնավորապես հայտարարել է․

«Հստակ է, որ համավարակի հետևանքով տնտեսությունը դժվար օրեր է ապրելու։ Խնդիրները բազմաթիվ են։ Կա սպասվելիք դժվարությունների, խնդիրների ընդհանուր ֆոն՝ հատկապես տնտեսության, աշխատանքի շուկայի ոլորտներում։ Անհանգիստ եմ բոլորի համար՝ տնից աշխատողից, չգրանցված աշխատողից մինչև արտագնա աշխատողի համար։ Պետք է փորձենք օգնել և՛ անհատ ձեռներեցին, և՛ մեծ ընկերություններին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն։ Աշխատանքի շուկան և մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են»։

Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ համավարակից հետո փոփոխված աշխարհում վերաբաշխվելու են դերերը և շուկաները.

«Մենք պետք է ուղղակի իրականության աչքերին նայենք և կարողանանք լուծումներ գտնել՝ և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում»։

Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը, որի նպատակն է ստեղծել արդյունաբերության զարգացման լոկոմոտիվներ, որը վերաբերում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը։ Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան ավելի քան 15 ընկերությունների հետ։

Արմեն Սարգսյանի խոսքերով՝ նախագահական մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է սննդի անվտանգության միջանցքի ստեղծմանը։

«Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք։ Նպատակը հետևյալն է՝ ԱՄԷ, Կատարի, Քուվեյթի, այլ երկրների հետ համագործակցելով՝ բացել նոր միջանցք, որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև՝ դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»,-ասել է նա։

Գործարարներն իրենց հերթին նախագահին են ներկայացրել իրենց ոլորտներում առկա տարբեր խնդիրներն՝ օրենսդրականից մինչև բարեփոխումներ, ինչպես նաև իրենց մոտեցումներն ու հիմնահարցերի լուծման պատկերացումները:



 Պիտակներ
         գործարարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb