Մեր երկիրը 3 տարի չի ունեցել իշխանություն. Սոֆյա Հովսեփյան

Հարցազրույց 22.03.2021   14:36   67

Լragir.am- ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

-Վարչապետը հայտարարեց, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Դուք որոշում ունե՞ք, թե ինչ մասնակցություն եք ունենալու, և առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության ընտրություններ անցկացնելու մեջ խնդիր չե՞ք տեսնում:

-Իրականում այս պահին վերջնական որոշում չունեմ, ավելի շատ տրամադրված եմ չմասնակցելու ընտրություններին: Երկրորդ, իհարկե, խնդրահարույց է առանց Ընտրական օրենսգիրքը փոխելու ընտրություններ կազմակերպելը: Այսինքն այն նույն բանը, որը մեկ տարի, երկու տարի առաջ քննադատվում էր, այսօր նույն ճանապարհով ընտրությունների են գնում: Սակայն փոփոխությունները, որոնք առաջարկվում են Ընտրական օրենսգրքում, այնուամենայնիվ, կրկին խնդրահարույց են, որովհետև եթե մենք մարզային հստակ նշաձողեր չենք սահմանում մասնակցության առումով, դա խնդիր է առաջացնելու: Հիմա պետք է քննարկվի, դեռ վերջնական չի որոշված՝ փոփոխություն կարվի, թե ոչ: Այնուամենայնիվ, ԸՕ նախագիծը դրված է շրջանառության մեջ, հույս ունենամ, որ կամք կդրսևորվի և կքննարկվի, ըստ այդմ կհասկանանք, թե ինչ ենք անելու:

-Ժամկետների առումով հավանակա՞ն է Ընտրական օրենսգիրքը այսքան կարճ ժամանակում փոփոխել ու գնալ ընտրությունների նոր օրենսգրքով: Որովհետև նշվում է, որ մինչև Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվի, մինչև ԿԸՀ-ն այդ ամենին ծանոթանա, կուսակցությունները ծանոթանան ու պատրաստվեն, դրա համար մի քանի ամիս ժամանակ է պետք:

-Օրենքի ընդունումը հնարավոր է, բայց դրա կիրառականությունն ապահովելը գրեթե անհնար է, որովհետև բացի ԿԸՀ-ի ծանոթանալուց, այնտեղ հանձնաժողովի անդամների նոր կազմ պետք է սահմանվի, պետք է ծանոթանան Ընտրական նոր օրենսգրքին այն անձինք, որոնք ընտրությունների կազմակերպչական աշխատանքներում պետք է ներգրավվածություն ունենան: Բավականին խնդիրներ դա իր հետ բերելու է: Այնուամենայնիվ, այդ հապճեպությունը նաև վկայում է այն մասին, որ ցանկություն չկա օրենսգիրքը փոխելու:

-Դժվա՞ր էր այս 2,5 տարվա ընթացքում Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը կյանքի կոչել: Այսքան ձգձգելն ինչի՞ մասին է խոսում:

Սա խոսում է հերթական անփութության մասին: Դժվար որևէ բան չկար, անտեղի, անիմաստ հազարավոր օրենքներ են ընդունել, իսկ սա մնացել է: Երևի ծովը ծնկներից էին համարում, մտածում էին՝ ընտրությունները ուշ են լինելու, դեռ կանեն: Բայց իրադրությունն ու հանգամանքները այլ բան թելադրեցին, արդյունքում եղավ այն, ինչ եղավ:

-Փաստացի քարոզարշավի մեկնարկն ինչպե՞ս եք գնահատում: Քաղաքական ուժեր կա՞ն, որոնց հետ հնարավոր է կոնսուլտացիաներ անեք և ընտրություններին մասնակցեք նրանց ցուցակով:

Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այս պահին դաշտում կան, իմ պատկերացումների, իմ մոտեցումների հետ չեն համընկնում, որովհետև ունեցել են անցյալի փորձ, որը գոնե գործնականում տեսել եմ, և ես որքան էլ այսօր խոսեմ այսօրվա ձախողումների մասին, ես չեմ պատկերացնում, որ հակված լինեմ տեսնելու իրենց կառավարման տարիները:

Դա արդեն հերիք է, որ չմասնակցեմ ընտրություններին: Իսկ մնացած ուժերն այս իշխանության կամ նախորդ իշխանությունների ճյուղերով ստեղծված են: Դա առհասարակ ցանկություն չի առաջացնում որևէ կերպ մրցակցության մեջ մտնելու: Ուստի նախընտրում եմ դադար վերցնել, նախ հասկանամ, թե  որքանով կարիքը կար իմ նման քաղաքական գործչի: Եթե հետագայում ցանկություն ունեցա կամ հասկացա, որ այո, այնուամենայնիվ, կարիքը կա, հաջորդ ընտրություններում մասնակցություն կունենամ:

-Որքանո՞վ էր ճիշտ հիմիկվանից սկսել քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում այն հռետորաբանությունը, որը կար վարչապետի խոսքում, նաև այն, որ մարզերում հանդիպումներին մեծ թվով երեխաներ էին մասնակցում:

-Նախ շատ վաղ է քարոզարշավ սկսելու համար: Երկրորդ, այն հռետորաբանությունը, որ կիրառվում էր տարիներով, այսօր նույնպես կիրառվում է, և դա ապացուցում է ԱԺ-ում իմ ելույթում հնչեցրած այն միտքը, որ մեր երկիրը 3 տարի չի ունեցել իշխանություն, ունեցել է երկու կողմերից ընդդիմություն:

Սա խոսում է այն մասին, որ այսօր իշխանությունը միայն նախկին իշխանության դեմ է պայքարում, այն դեպքում երբ ինքն իշխանություն է, ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները, սակայն գիտակցման լուրջ պակաս կա, և դրա պատճառով է, որ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Իհարկե, շատ անհասկանալի է զոհվածների մասին, պատերազմի դեպքերի մասին խոսելը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «պատերազմի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որ դուք ձեզ մեղավոր չզգաք»:

Իսկ ինչո՞ւ պետք է հասարակությունն իրեն մեղավոր զգա, նրանում, որ իր զավակներին տարել են ու անպաշտպան թողել, դարձրել են թիրա՞խ: Հանրությունը մեղավոր է մեկ բանում, որ այդքանից հետո դեռ թույլ է տալիս նման հռետորաբանությամբ խոսել: Ուրիշ ոչ մի բանում հանրությանը մեղադրել չի կարելի, անգամ իրենց տան ալյուրն են հանել, հասցրել բանակին, ինչո՞ւ պետք է մեղավոր զգա: Ո՞րն է քո «մեղավորությունը վերցնում եմ ինձ վրա» ասվածի իմաստը: Ամենասարսափելին այն է, որ նույնը կրկնում են ԱԺ պատգամավորները, այն մարդիկ, որոնք մեղավորություն չզգացին տոտալ անգործության ու անտարբերության ճանապարհին: Ու հիմա այդ գեղեցիկ, ոչինչ չասող բառերը որևէ կերպ չեն արդարացնում այն իրավիճակը, որում հայտնվել ենք:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         Սոֆյա Հովսեփյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb