Մեքսիկայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Reforma» լրատվականին

Հարցազրույց 07.10.2020   18:10   39

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին զինված հակամարտությունը պահանջում է միջազգային հանրության հստակ դիրքորոշում, որպեսզի այն էսկալացիայի չենթարկվի տարածաշրջանից դուրս: Այս մասին «Reforma» լրատվականին տված հարցազրույցում նշել է Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, ով հոկտեմբերի 2-ին, Մեքսիկայում ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը:

«Reforma» լրատվականին տված հարցազրույցում դիվանագետը մեղադրել է Թուրքիային, որը, օգտվելով ներկայումս կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած համաշխահային ճգնաժամից, իր կայսրությունն ընդլայնելու նպատակով հակամարտության գոտում խրախուսում է առճակատումը։

Դեսպանը նշել է, որ հակամարտությունն արդեն երեսուն տարի է, ինչ գտնվում է լատենտ վիճակում։ Այն պահից ի վեր, երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանից անկախանալու մասին, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ռազմական տարբերակին՝ նավթի և գազի իր հարուստ պաշարների միջոցով այդ ռազմավարական նշանակության տարածքին տիրանալու համար, որը լեգիտիմորեն «պատկանում է բնիկ ժողովրդին»՝ հայերին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ դեսպանը կոչ է արել միջազգային հանրությանը հրադադարի հաստատման համար ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ և ստիպել Ադրբեջանին վերադառնալ երկխոսության՝ հակամարտության էսկալացիայից խուսափելու համար։

-Ո՞ւմ է պատկանում Լեռնային Ղարաբաղը։

– Լեռնային Ղարաբաղը պատկանում է այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, և հայ ժողովուրդն է այն ժողովուրդը, որն այնտեղ է բնակվում ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, Լեռնային Ղարաբաղը (1991 թվականին) իրականացրեց ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքին և Խորհրդային Միության օրենքներին համապատասխան։ Այս ժողովուրդը պայքարում է իր գոյության համար։

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ադրբեջանն այդ տարածքը չի զիջում հայերին։

– Որովհետև պայքարում ենք բարբարոսության, հետամնացության և հայերի նկատմամբ ատելության դեմ։ Ադրբեջանը, ըստ երևույթին, ոգևորված լինելով նավթի և գազի հսկայական պաշարներով, որը նրան յուրահատուկ կշիռ հաղորդեց միջազգային էներգետիկ քաղաքականության մեջ, մտածեց, որ հեշտորեն կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով։

– Ինչպե՞ս սկսվեց Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը։

– Վերջին լարվածությունը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանում՝ Արցախի Հանրապետություն) սահմանի երկայնքով իրականացված ռազմական ագրեսիայով՝ կիրառելով աշխարհի ժամանակակից զինանոցը, հրթիռներ, տանկեր, զրահապատ մեքենաներ և օդուժ։

Երկու ամիս առաջ Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություն անցկացրեց Ադրբեջանում՝ օգտագործելով ողջ ռազմական զինանոցը, և այնտեղ թողեց բոլոր զենքերը, ինչպես նաև թուրք ռազմական հրահանգիչների, որոնք վերապատրաստում են ադրբեջանական բանակին։

Նաև, նախկինում զգուշացրել էինք, որ Թուրքիան Սիրիայից փոխադրեց Ադրբեջան, ըստ մեր հաշվարկների, մոտ չորս հազար մահմեդական ջիհադիստ մարտիկների, և այսօր (հոկտեմբերի 1-ը, հինգշաբթի) Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները և Պենտագոնը հաստատեցին, որ Թուրքիան կատարել է այդ փոխադրումը։ Այսպիսով, Հայաստանը պայքարում է պետական ահաբեկչության դեմ, որն իրականացնում է Թուրքիան՝ իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին սատարելու համար։

-Ինչո՞ւ հակամարտությունն էսկալացիայի ենթարկվեց։

-Տարիներ շարունակ, և հատկապես հիմա, երբ աշխարհն ինքնամփոփ դարձավ (համաճարակով պայմանավորված սահմանափակումների և արգելափակումների պատճառով), ռազմատենչ հռետորաբանությունը հասցվեց ամենաբարձր մակարդակի։ Թուրքիայի նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) սկսեց ուղղակիորեն սպառնալ Հայաստանին սահմանի երկայնքով իր ագրեսիվ ծրագրերը տարածելու նպատակով (Թուրքիան այն երկիրն է, որը ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ): Այդ պատճառով էլ սկսվեց։ Հայաստանը, հատկապես ներկայիս իրավիճակում, որևէ շահ կամ պատճառ չունի պատերազմ սկսելու կամ հակամարտությունն ընդարձակելու մեջ։ Մենք մշտապես խաղաղ կարգավորման ջատագով ենք։

-Հայտնի է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։ Ինչպիսի՞ հաղորդակցություն է ունեցել Ձեր երկիրը Մոսկվայի հետ։

– Ոչ միայն Ռուսաստանի հետ․ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է և հակամարտության ողջ պատմության ընթացքում կայունացնող և միջնորդական դեր է խաղացել։ Կապի մեջ ենք ինչպես Մոսկվայի, այնպես էլ Միսնկի խմբի մյուս համանախագահների հետ (Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ):

Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, և ցանկանում եմ շեշտել այն հանգամանքը, որ հակամարտության որևէ կողմում չէ և փորձում է ստիպել հատկապես Ադրբեջանին, որ վերադառնա բանակցությունների սեղան։

– Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դերն այս ամենում։

– Առաջին օրերին միջազգային հանրությունը սահմանափակվում էր բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ անաչառ հայտարարություններ կատարելով և դատապարտելով ուժի կիրառումը։ Սակայն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից՝ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը կստանձնի առավել հստակ դերակատարում։ Կարծում եմ նաև, որ արդեն բոլորը գիտեն՝ ով է ագրեսորը և ով է փորձում տարածաշրջանում ատելություն և քաոս սերմանել։ Համոզված եմ՝ միջազգային հանրությունը հիմա կարևորագույն դեր ունի՝ ստիպել Թուրքիային և Ադրբեջանին անցնել հրադադարի։ Ռազմական լուծում գոյություն չունի։ Մեքսիկան, որը նույնպես ծանրակշիռ պետություն է, ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, նույնպես կարող է դրական և կայունացնող դեր խաղալ այս իրավիճակում։

-Եվ եթե երկու կողմերին դիմել են անցնել հրադադարի, ինչո՞ւ չեն անում դա։

– Հայաստանը և հայերս պաշտպանվում ենք 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Թուրքիայի, և 10 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Ադրբեջանի բանակներից։ Հայաստանն ունի 3 միլիոն բնակչություն, և եթե մեզ չպաշտպանենք, պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ։

-Եղե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից տեղահանում, ինչպես հայտարարել է Ադրբեջանը։

– Ոչ, դա քարոզչություն է, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Մոտ երկու տարի առաջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում ներմուծեցինք ազգ-բանակ հայեցակարգը՝ հաշվի առնելով մեր սահմանափակ ռեսուրսները։ Դրա համաձայն՝ ներկայիս իրավիճակի նման ճգնաժամային դեպքերում ամբողջ ազգը դառնում է բանակ՝ երեխաներից սկսած մինչև կանայք. մենք մեր գոյությունն ենք պաշտպանում։

-Կարծում եք հակամարտության մասշտաբները կընդլայնվե՞ն։

-Դա կախված է Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերակատարումից։ Ես դեռ հավատում եմ ողջամտությանը։ Կարծում եմ, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կհասկանա և կստիպի Թուրքիային այս հակամարտության որևէ կողմում չգտնվել և որքան հնարավոր է հեռու մնալ։ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության չունի ռազմական հաջողություն արձանագրելու որևէ հնարավորություն։

-Ինչպե՞ս է ապահովվում քաղաքացիական անձանց պաշտպանությունը։

– Անում ենք հնարավոր ամեն բան քաղաքացիական բնակչության կորուստներից խուսափելու համար։ Սակայն, երբ քեզ վրա են նետում վերջին սերնդի հրթիռներ, երբ ինքնաթիռները հարձակում են գործում քաղաքացիական բնակչության վրա, ինչպես տեղի ունեցավ վերջին երկու օրերի ընթացքում, ապա երեկոյան բնակչությունը պատսպարվում է ապաստարաններում, իսկ ցերեկը պաշտպանում է իր տները։

– Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ վերջ դրվի այս հակամարտությանը։

– Անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել Թուրքիային, դատապարտել այս պետության կողմից քարոզվող պետական ահաբեկչությունը և ստիպել Ադրբեջանին նստել երկխոսության սեղանի շուրջ։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ գտնվում ենք միջազգային հանրության որոշ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաշեմին։ Կարծում եմ, որ արդեն անցել է չեզոք կոչեր անելու ժամանակը։ Եթե իսկապես ցանկանում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի տարածաշրջանից, ապա միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է իրերն իրենց անուններով կոչեն։

– Որո՞նք են այս պատերազմի հետևանքները միջազգային հանրության համար։

-Այս տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Սա վերաբերում է Ռուսաստանին. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաջամարտիկն է Ռուսաստանը, և որի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Մյուս կողմում է Թուրքիան, որը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերության՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ Սակայն, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ն շատ վրդովված է Թուրքիայի պահվածքից՝ հատկապես վերջին տարիներին։ Սա վերաբերում է նաև Իրանին. այս գերկարևոր պետությունը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես կայունացնող դեր է խաղացել։ Նաև կարող են գործոն հանդիսանալ արտատարածաշրջանային շահերը, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել:

 



 Պիտակներ
         Արա Այվազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb