Մեքսիկայի ստորջրյա թանգարանը

Art News 19.09.2020   22:30   1957

Մեքսիկայում գտնվող Ստորջրյա կամ Անհամատեղելին համատեղելի դարձնելու թանգարանը մտնելու համար ձեզ բախիլներ չեն առաջարկի։ Դրա փոխարեն ստիպված եք լինելու ջրասույզի կոստյում հագնել, քանի որ թանգարանը գտնվում է ջրի տակ։

Այս յուրօրինակ թանգարանը բացվել է Կանկունայում՝ 2010 թվականի դեկտեմբերին։ Հավաքածուի մեջ տեղ գտած չորս հարյուր բնական մեծության արձանները իրենց տեղն են գրավել ջրի հատակին՝ 2-10 մետր խորության վրա։ «Լուռ էվոլյուցիա» անունը կրող այս յուրահատուկ նախագիծը կյանքի կոչելու համար քանդակագործ Ջեյսոն Թեյլորին 1,5 տարի է պահանջվել։ Բացի այդ, պահանջվել են 120 տոննա ցեմենտ, 400կգ սիլիկոն ու 3,8 հազար ապակե թելեր։

Քանդակագործը ստիպված է եղել մեծ ժամանակ անցկացնել ջրի տակ՝ 120 ժամ։ Թեյլորի մշակած հատուկ տեխնոլոգիան հնարավորություն է տվել ոչ միայն ամբողջ հասակով քանդակներ ստեղծել, այլ նաև դրանք յուրատեսակ ձևով ամրացնել։ Արդեն պատրաստի քանդակները իջեցվել են ծովի հատակ ու ամրացվել 2 տոննայանոց հիմքի վրա, որպեսզի ջրի հոսքը չշարժի դրանք։

Եվ եթե սովորական թանգարաններում ստեղծված են բոլոր պայմանները, որ ցուցանմուշները չվնասվեն ու որքան հնարավոր է երկար պահպանվեն նախնական տեսքով, ապա այստեղ՝ հակառակը։ «Լուռ էվոլյուցիան» անընդհատ փոխվելու է։ Բրիտանացի մասնագետները վստահեցնում են, որ այդ հարցում նրան կօգնեն ծովի հատակի բնակիչները։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb