Մեկնարկում է Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը

Աշխարհ 09.02.2021   12:10   51

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ  Սենատը շուտով կվերածվի դատարանի և կսկսի քննել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը։

Հիշեցնենք՝ Թրամփը մեղադրվում է խռովության և անկարգությունների դրդելու համար։

Իմպիչմենտում ասվում է, որ ԱՄՆ նախագահը հունվարի 6-ի իր ելույթով ամբոխին դրդել է գրոհելու Կապիտոլիումը, որտեղ այդ օրը Կոնգրեսի երկու պալատները վերջնականապես հաստատում էին ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։ Շենք ներխուժած թրամփականները մի քանի ժամով խափանել էին այդ արարողությունը։

Երկուշաբթի Թրամփի փաստաբանները Սենատին ներկայացրել են իրենց փաստարկները, որոնց համաձայն՝ արդեն պաշտոնավարման ժամկետն ավարտած նախագահին իմպիչմենտ հայտարարելը հակասահմանադրական է, և Թրամփի ելույթի ու Կապիտոլիումի գրոհի միջև ոչ մի կապ չկա։

Իմպիչմենտի մենեջերները,- այդպես են անվանում Ներկայացուցիչների պալատի  ներկայացուցիչներին, որոնք այս դեպքում ստանձնել են նաև մեղադրողի դերը,- համաձայն չեն սահմանադրության նմանօրինակ մեկնաբանությանը (պաշտոնը լքած պաշտոնյային իմպիչմենտ հայտարարելու մի նախադեպ եղել է 1876 թ․–ին)։ Թրամփն ինքը հրաժարվել է ցուցմունք տալ․ մենեջերները հրավիրել էին նրան։

Գործընթացն ավարտվելու է քվեարկությամբ։ Եթե սենատորների երկու երրորդը, այսինքն՝ 67 սենատոր քվեարկի Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին, այդ դեպքում, արդեն ձայների պարզ մեծամասնությամբ, նրան կարող են զրկել նախագահի պաշտոնում կրկին ընտրվելու իրավունքից։ Այսպիսի ելքն առայժմ քիչ հավանական է թվում։ Իսկ եթե այդքան «կողմ» ձայն չհավաքվի, ապա Թրամփը կարդարացվի՝ ինչպես եղավ նրա առաջին իմպիչմենտից հետո ավելի քան մեկ տարի առաջ։

Ակնկալվում է, որ գործընթացը կտևի մոտավորապես մեկ շաբաթ․ երկու պալատներն էլ շահագրգռված չեն, որ ձգձգվի։


 Պիտակներ
         Դոնալդ Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb