Մեկնարկել է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը

Օրենքի ուժով 11.01.2019   11:12   315

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 11-ին մեկնարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գևորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:



 Պիտակներ
         Արմեն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon