Մեծ գրողներին ներշնչած հյուրանոցները

Art News 26.03.2020   22:00   1097

«Моя Планета»-ն և OneTwoTrip ճամփորդությունների ծառայությունը հաղորդում են պատրաստել հյուրանոցների մասին, որտեղ ծնվել են գրականության համաշխարհային գլուխգործոցները։

Սթիվեն Քինգ․ «Փայլ»

The Stanley Hotel. ԱՄՆ, Կոլորադո

Գաղութային ոճով կառուցված այս գեղեցիկ հյուրանոցը ներշնչել է Սթիվեն Քինգին՝ գրելու իր ամենահայտնի ու սարսափելի վեպերից մեկը։ 1974 թվականին Քինգը կնոջ հետ մեկ գիշերով կանգ է առնում այս հյուրանոցում։ Գրանցասեղանի մոտ պարզվում է, որ նրանք հյուրանոցի միակ բնակիչներն են, իսկ շատ շուտով՝ ձմռան մոտ, հյուրանոցն ընդհանրապես փակվելու է։

Քինգը շատ տպավորված էր դատարկ միջանցքներով ու ընդարձակ ճաշասենյակով, որտեղ աթոռները բարձրացված ու դրված էին սեղանների վրա և միայն սեղանիկն էր պատրաստ հյուրեր ընդունել։

Գիշերը Քինգը երազ է տեսնում, որում իր երեք տարեկան տղան սարսափի մատնված վազում է միջանցքում։ Գրողն արթնանում է, նստում պատուհանի մոտ ու սարերին նայելով մի քանի րոպեում հորինում «Փայլի» սյուժեն։ Վեպը հրապարակվում է 1977-ին և միանգամից բեսթսելլեր դառնում։

Ասում են, որ «Փայլի» հրապարակվելուց հետո հյուրանոցում իսկապես տարօրինակ բաներ են սկսել կատարվել։ Երբեմն այստեղ միջանցքում վազող երեխաների են տեսել, իսկ երբեմն էլ երաժշտական սենյակում հայտնվում է հանգուցյալ միսս Սթենլին՝ հյուրանոցի հիմնադրի կինը։

Ագաթա Քրիստի․ «Սպանություն արևելյան ճեպընթացում»

Pera Palace Hotel Jumeirah․ Ստամբուլ, Թուրքիա

Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին շատ էր ճամփորդում։ Այսպես՝ Միջին Արևելք ճամփորդություններից մեկի ժամանակ նա գրում է իր ամենահայտնի գործերից մեկը՝ «Սպանություն արևելյան ճեպընթացում»։ Նա մի քանի անգամ այդ ճեպընթացով Ստամբուլից Լոնդոն է գնացել, իսկ 1931-ին «Արևելյան» ճեպընթացը մի քանի ժամ շարունակ մնացել է ձյունամրրիկի մեջ։ Իր ուղևորությունների ժամանակ Քրիստին իր հետ միշտ տպագրող մեքենա էր վերցնում, ուստի հնարավոր է՝ վեպը նա հենց այդ օրն է սկսել գրել։

Իսկ վեպը վերջնական տեսքի նա արդեն բերել է ավելի հարմարավետ պայմաններում՝ Ստամբուլի Pera Palace Hotel Jumeirah հյուրանոցի 411 համարում։ Այսօր այդ համարը հենց Ագաթա Քրիստիի պատվին է անվանակոչված։ Նրանում վերստեղծած է այդ ժամանակների մթնոլորտը։

Այս հյուրանոցը սիրելի է եղել նաև մեկ այլ հայտնի գրողի՝ Էռնեստ Հեմինգուեյի համար, որը ժամերով կարող էր վիսկի ըմպել «Օրիենտ» բառում։ Հյուրանոցում տարբեր ժամանակներում հանգրվանել են նաև Ելիզավետա 2-րդ թագուհին ու Էդվարդ 8-րդարքան, Սառա Բեռնարն ու Գրետա ԳարբոնԱլֆրեդ ՀիչքոքըԺակլին Քենեդին ու Մուստաֆա Աթաթուրքը։

Ջոան Ռոուլինգ․ «Հարրի Փոթերն ու մահվան պարգևները»

The Balmoral Hotel․ Էդինբուրգ, Մեծ Բրիտանիա

Հարի Փոթերի մասին պատմության վերջին մասը Ջոան Ռոուլինգը գրել է Էդինբուգի The Balmoral Hotel հյուրանոցում։ Շինությունը կարծես գրքի էջերից դուրս եկած լինի։

Ռոուլինգն այն գրել է 5-րդ հարկի 552 համարում։ Հյուրանոցի համարի դռան վրա փակցված է The J.K. Rowling Suite ցուցանակն ու բուի ոչ մեծ արձանիկը։ Իսկ դռան հետևում ննջասենյակով, հանդերձարանով, ընդարձակ լոգասենյակով ու մեծ հյուրասենյակով համարն է։ Սենյակում պահպանված է նաև այն սեղանը, որի վրա գրվել են «Հարի Փոթերի» մի քանի գլուխները։

Հարցազրույցներից մեկում Ռոուլինգը խոստովանել է, որ տանն իրեն անընդհատ ինչ-որ մեկը խանգարում էր։ Այդ ժամանակը ինքը հիշել է «Բալմորալի» մասին, որտեղ արդեն մի քանի անգամ եղել էր։ Այնպես որ՝ 2006-ի օգոստոսին գրողը տեղափոխվում է հյուրանոց։ Այն, որ հուրանոցի լյուքս համարներից մեկում հայտնի գրող է հանգրվանել, գիտեին աշխատողներից միայն մի քանիսը։ Նրանք ամեն հնարավորն արել են, որ նրան ոչ ոք չանհանգստացնի։ Այնպես որ՝ Ջոանը հյուրանոցում ապրում է կես տարի ու ավարտին հասցնում իր պատմությունը։

Հիմա հյուրանոցի այդ համարը հյուրերին այլևս չեն տրամադրում։ Բացի դրանից, հյուրանոցը ունի ևս 167 համար։

Յան Ֆլեմինգ․ Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերը

GoldenEye․ Օրակաբեսա, Յամայկա

Անկեղծ ասած, այն ժամանակներում, երբ Յան Ֆլեմինգը «Ոսկե Գազ» առանձնատանը գրում էր Ջեյմս Բոնդի մասին իր գրքերը, այն դեռ հյուրանոց չէր։ Տունը գրողի սեփականությունն էր։ Յամայկայում այդ հողը նա գնել էր 1946-ին ու իր տունը կառուցել ժայռի ծայրին, որտեղից լողափ նայող հիանալի տեսարան էր բացվում։

Բայց մեր օրերում այստեղ արդեն կարող է ցանկացած ոք կանգ առնել, եթե, իհարկե, վարձակալի 22 համարներից մեկը։

Գրողն այս տանն անց է կացրել 20 ձմեռ։ Նրա մահվանից հետո՝ 1964-ին, առանձնատունը գնել է հայտնի երաժշտական պրոդյուսեր Քրիս Բլեքվելը։

Տան հիմնական մասում 3 ննջասենյակ կա, մնացած համարները շատ ավելի ուշ կառուցված քոթեջներում են։ Իսկ եթե ցանկություն առաջանա տեսնել, թե որտեղ է ներշնչվել գրողը, մտեք նրա սենյակ, որտեղ պահպանվել է սեղանը։ Նրա վրա Ֆլեմինգը գրել է 007 գործակալի մասին իր հայտնի պատմությունը։ Աթոռն, ի դեպ, մեջքով թեքված է դեպի պատուհանը, որպեսզի նա գրելիս չշեղվեր։

Էռնեստ Հեմինգուեյ․ «Ում համար են ղողանջում զանգերը»

Ambos Mundos․ Կուբա, Հավանա

Էռնեստ Հեմինգուեյը շատ էր սիրում լավ հյուրանոցները և ողջ աշխարհում կան համարներ, որտեղ նա կանգ է առել ու նույնիսկ որոշ ժամանակ ապրել է։ Բայց հյուրանոցները, որտեղ նա ստեղծագործել է, շատ չեն։ Ambos Mundos-ը դրանցից մեկն է։

Սա Հավանայի ամենահին հյուրանոցներից մեկն է, կառուցվել է 1920-ականների վերջին։ Իսկ արդեն 1930-ականներին 511 համարը վարձել է Հեմինգուեյը։ Նա այստեղ ամբողջ 7 տարի է ապրել ու այդ ժամանակահատվածում 3 գիրք գրել՝ «Մահ կեսօրից հետո», «Աֆրիկայի կանաչ բլուրները» և «Ունենալ ու չունենալ»։ Այստեղ նա գրել է նաև իր ամենահայտնի վեպերից մեկի՝ «Ում համար են ղողանջում զանգերի» մի քանի գլուխները։

Այսօր 511 համարում փոքրիկ թանգարան է։ Այնտեղ պահպանվում են գրողի տպագրական մեքենան ու անձնական իրերից մի քանիսը։ Սենյակի մահճակալն էլ է մնացել այդ օրերից։ Բացի այդ, հյուրանոցի ռեստորաններից մեկը «Hemingway» անվանումն է կրում։ Իսկ մյուս ռեստորանում՝ Plaza de Armas-ում, մատուցում են Հեմինգուեյի սիրած ուտեստները։

Ռեդյարդ Քիփլինգ․ «Ջունգլիների գիրքը»

Rocco Forte Brown's Hotel․ Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Brown’s հյուրանոցը տեղավորված է Լոնդոնի կենտրոնական հատվածում։ Հենց այստեղ Ռեդյարդ Քիփլինգը գրել է իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Ջունգլիների գիրքը»։ Իհարկե, պատմվածքների ոգեշնչողը եղել է ոչ թե մառախլապատ Լոնդոնը, այլ Հնդկաստանը, որտեղ Քիփլինգն անց է կացրել իր մանկությունը։ Չնայած չի բացառվում, որ հենց Brown’s-ի հարմարավետությունն է դեր խաղացել ու օգնել գրողին ստեղծել իր գործը, որը սիրված է և՛ երեխաների, և՛ մեծերի կողմից։

Հյուրանոցում հասանելի է հատուկ համար, որը կրում է Քիփլինգի անունը։ Հյուրանոցի համարում վերստեղծված է գաղութային Հնդկաստանի մթնոլորտը։ Պատերին ծաղիկների ու տերևների նկարներով յուրօրինակ պաստառներ են փակցված։

Համարում նաև հսկայական լոգասենյակ ու հարմարավետ գրասեղանով ընդարձակ հյուրասենյակ կա։

Brown’s հյուրանոցը սիրել է ոչ միայն Քիփլինգը։ Տարբեր տարիներին այստեղ են ապրել Ագաթա Քրիստին, Թեոդոր Ռուզվելտը ուԱլեքսանդր Բելը, որն, ի դեպ, այստեղից կատարել է աշխարհի առաջին հեռախոսային զանգը։ Ուինսթոն Չերչիլն ասում էր․ «Ես հյուրանոցում չեմ կանգ առնելու։ Ես կանգ եմ առնելու Brown’s-ում»։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Ջոան Ռոուլինգ, Ռեդյարդ Քիփլինգ, Ագաթա Քրիստի, Էռնեստ Հեմինգուեյ, Յան Ֆլեմինգ, Սթիվեն Քինգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon