Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք քարի զգալի մասը կօգտագործվի նոր բնակավայրի կառուցման համար

Իրադարձային 19.01.2021   14:07   37

Արցախում նախատեսվում է նոր բնակավայրի կառուցում, որի համար կկիրառվի Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք որմնաքարի զգալի մասը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդներ» հիմնադրամի կառավարիչ Սամվել Ոսկանյանը: Ծրագիրն իրականացնում է հիմնադրամը՝ Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ:

«Բնակավայրի տեղի, տների նախագծերի վերաբերյալ ակտիվորեն համագործակցում ենք պատկան մարմինների հետ: Ժամկետների առումով, դեռ վաղ է խոսել, քանի որ ամեն ինչ չէ, որ մեզնով է պայմանավորված, բայց աշխատանքները մեկնարկելու են քարհանքի գործարկումից շատ չանցած, հավանաբար գարնանը: Չնայած բավականին գործ արդեն իսկ արված է, սակայն մինչև վերջնական որոշումների կայացումը չէի ուզի ավելին խոսել այս մասին»,-մանրամասնեց Ոսկանյանը:

Անդրադառնալով Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածում գտնվող քարհանքերի շահագործման հարցին՝ հիմնադրամի կառավարիչը տեղեկացրեց, որ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի կրաքարի հանքավայրում, որտեղ շուտով կմեկնարկեն որմնաքարի (կուբիկի) արդյունահանման աշխատանքները:

«Քանի որ մինչև պատերազմն Արցախում որմնաքար արտադրող երկու կազմակերպություններին ընդերքօգտագործման իրավունքով պատկանող՝ Տիգրանակերտի և Վարանդայի գործող հանքավայրերը մնացել են թշնամու կողմից օկուպացված տարածքներում, այս հանքավայրի գործարկումը կենսական ենք համարում մեր պետության համար:

Ներկա փուլում Մարտակերտի հանքավայրում ավարտին են հասցվում ենթակառուցվածքների՝ մուտքային ճանապարհների և էլեկտրականության անցկացումը, ինչպես նաև սահմանված կարգով ձևակերպվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Արդեն իսկ ձեռք ենք բերել քարի արդյունահանման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորում և տեխնիկա:

 Այս հարցում մեր կազմակերպության հիմնադրի` պրոֆեսոր Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, մեզ հետ համագործակցում է Ռուսաստանի հայերի միությունը»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով նաև այդ աշխատանքներում պատկան պետական գերատեսչությունների կողմից ցուցաբերվող զգալի օժանդակությունը:

Արցախի զգալի թվով քարի հանքավայրեր մնացել են օկուպացված տարածքներում, որոնցից ամենանշանակալիները՝ Վարանդայի և Տիգրանակերտի կրաքարի, ինչպես նաև Հադրութի Գաբրոդիաբազի, Վազգենաշենի սպիտակ մարմարացված կրաքարի, Արևսարի մարմարի հանքավայրերն են:

«Մեծ թվով այլ հանքավայրեր ևս մնացել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում: Մեր վերահսկողության տակ մնացած հանքավայրերից` կարող եմ նշել Խրամորթի, Աստղաշենի և Հարավի մարմարացված կրաքարի հանքավայրը: Վերջինում մինչև պատերազմը, քարի արդյունահանմամբ էին զբաղվում մի շարք կազմակերպություններ, որոնք, կարծում եմ, պահանջարկի առկայության պարագայում կվերսկսեն աշխատանքը: Զգալի թվով այլ շինանյութերի հանքավայրեր ևս անցել են թշնամուն, որոնց առանձին-առանձին կանդրադառնանք պատեհ առիթի դեպքում: Ինչ վերաբերում է արդյունահանվող քարի արտահանման հարցին, ապա դրա վերաբերյալ դեռ հստակություն չկա: Արտահանումը պայմանավորված է մի շարք` մեզանից չկախված գործոններով, որոնց թվում ամենակարևորը լոգիստիկ խնդիրն է: Այդուհանդերձ՝  մեր մարմարները  միանշանակ իրենց որակական և դեկորատիվ հատկություններով չեն զիջում արտասահմանյան անալոգներին: Չնայած առկա խոչընդոտներին, պրոֆեսոր Գաբրիելյանցն իր կապերն ակտիվորեն օգտագործում է դրանք հաղթահարելու համար, և մենք լիահույս ենք, որ այդ ջանքերն ապարդյուն չեն լինի»,-նշեց հիմնադրամի կառավարիչը:

Վերջին տարում կազմակերպությունը զբաղվել է Արցախի ընդերքի ուսումնասիրմամբ` իրականացնելով ինչպես պետական, այնպես էլ` սեփական ֆինանսավորմամբ ծրագրեր: Ծրագրի իրականացումը շարունակվելու է նաև այս տարի:

«Մասնավորապես որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու կրաքարի, մարմարի և ավազի (ավազ, կոպիճ, խիճ և այլն) հանքավայրերի հայտնաբերման ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում գնահատելու ենք նաև այլ օգտակար հանածոների պոտենցիալը»,-հայտնեց Ոսկանյանը՝   հավելելով, որ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքում առկա են՝  մարմարի, կրաքարերի, գաբրոիդների և մի շարք այլ օգտակար հանածոների հանքավայրեր, իսկ տուֆի` բացառությամբ Վանքի տուֆի հանքավայրի, տրավերտինի հայտնի հանքավայրերն անցել են թշնամուն:

Խոսելով պրոֆեսոր Գ. Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդներ» հիմնադրամի առաջիկա այլ ծրագրերից՝ կառավարիչը տեղեկացրեց, որ այս համատեքստում առավել կարևորում են Արցախում մշակութային կյանքին նոր շունչ տալը: Այս նպատակի շրջանակներում հիմնադրամը պարոն Գաբրիելյանցի գլխավորությամբ՝ արդեն իսկ նախաձեռնել է նոր Կերպարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքը:


 Պիտակներ
         Մարտակերտի քարհանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb