Մարադոնայի մարմինը տեղափոխվել է Բուենոս Այրեսի նախագահական պալատ
Նոյեմբերի 25-ին կյանքից հեռացած արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մարմինը տեղափոխվել է Բուենոս Այրեսի նախագահական պալատ, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը:
Ֆուտբոլիստի հարազատներն արդեն ժամանել են արարողության անցկացման վայր: Նախագահական պալատում վերջին անգամ 2010 թվականին հրաժեշտ են տվել նախագահ Նեստոր Քիրշներին:
Պալատի դիմացի հրապարակում լեգենդար ֆուտբոլիստի հարյուրավոր երկրպագուներ արդեն հավաքվել են՝ հարգելու Մարադոնայի հիշատակը: Նրա պատվին լայնամասշտաբ ակցիաներ են անցկացվել ամբողջ հանրապետությունում:
Արգենտինայում հայտարարվել է եռօրյա սուգ՝ Մարադոնայի մահվան հետ կապված:
60-ամյա Դիեգո Մարադոնան մահացել է սրտի կաթվածից Բուենոս Այրեսի մերձակայքում գտնվող Տիգրե քաղաքի տանը, որտեղ վիրահատությունից հետո վերականգնողական շրջան է անցել:
Իր կարիերայի ընթացքում Մարադոնան խաղացել է արգենտինական և եվրոպական ակումբներում՝ 490 խաղում խփելով 259 գոլ: Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 91 հանդիպում և դարձել 34 գոլի հեղինակ:
Նմանատիպ նյութեր