Մանրամասներ ադրբեջանցիների կողմից հայ գյուղացիներին թիրախավորելու դեպքից

Հրատապ 12.04.2021   11:26   45

 Ադրբեջանցիների կողմից Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ իրականացրած կրակոցների դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պատրաստել է համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ ներկայացնելով մանրամասներ դեպքի վերաբերյալ:

«Ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:  ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: Բացի այդ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Հունան Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ չնայած միջադեպին, գյուղացիները շարունակում են իրենց դաշտային աշխատանքը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb