Մանկահասակ երեխայի սպանության դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է

Իրադարձային 18.12.2019   12:03   188

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018 թվականի սեպտեմբերին ծնված մանկահասակ դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, այնուհետև երեխային բնակարանից տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված արբարկղերից մեկի մեջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon