Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ

Հոգեբանական 31.05.2020   21:00   1012

Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզը (ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ) էնդոգեն հիվանդություն է, որն առաջին անգամ որպես հիվանդություն նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է. Կրեպելինը (1896թ.):
Հիվանդությունը համեմատաբար հազվադեպ է հանդիպում (հոսպիտալացված հիվանդների 3-5%), ընդ որում, կանայք համարյա թե երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:

Այն առավելապես սկսվում է միջին տարիքում (30-40 տարեկան):
Հիվանդությունն ունի բարորակ ընթացք, հիվանդության դեգրադացիա չի առաջանում նույնիսկ այն դեպքում, երբ հոգեկան խանգարման փուլերը հաճախ են կրկնվում: Միջփուլային շրջանում հիվանդը հոգեպես լրիվ առողջ էր:
Մանիակալ դեպրեսիվ պսիխոզին բնորոշ է պարբերականությունը:

 Հիվանդությունն ընթանում է մի քանի օրից մինչև մի քանի ամիս տևողությամբ` մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով: Չնայած այդ փուլերի հաջորդականության մեջ որոշակի ընդգծված օրինաչափություն չկա, այնուամենայնիվ առանձնացնում են դրանց ընթացքի մի քանի ձևեր:
Պարբերական ընթացքը հիմնականում բնորոշվում է միևնույն փուլերի հաջորդականությամբ, դրանց միջև ընկած լուսավոր շրջաններով:
Փոփոխվող ընթացքի դեպքում փուլերը հաջորդափոխվում են կլինիկական հակադիր (մանիակալ կամ դեպրեսիվ) վիճակներով:
Երկբևեռ ընթացքի դեպքում հիվանդության լուսավոր շրջանն սկսվում է մեկը մյուսին անընդմեջ հաջորդող երկու փուլերց հետո:
Տևական ընթացքի դեպքում հիվանդությունն ընթանում է անընդմեջ, առանց լուսավոր շրջանների:
Որոշակի նշանակություն ունի նաև տարվա եղանակը (գարնանն ու աշնանն այս հիվանդությամբ ավելի հաճախ են հիվանդանում):
Հիվանդության առաջացման գործում մեծ նշանակություն է տրվում ժառանգական գործոնին: Նշանակություն ունեն նաև «կոնստիտուցիոնալ» առանձնահատկությունները:

Պիկնիկ և ցիկլոիդ կազմվածքային առաձնահատկություն ունեցող անձնավորություններն այս հիվանդությամբ առավել հաճախ են հիվանդանում:
Կլինիկական պատկերը
Հիվանդությունն ընթանում է երկու փուլով` մանիակալ և դեպրեսիվ:
Մանիակալ փուլը հիմնականում բնորոշվում է ախտանիշների եռյակով` տրամադրության բարձրացում, մտածողության ընթացքի արագացում և հոգեշարժական գրգռվածություն:
Հիվանդների տրամադրությունը խիստ բարձր է: Նրանք անհոգ են, երգում են, պարում, արտասանում, կատակում ու սրախոսում:  Խոսում են անընդհատ, առանց դադարի, բարձր ձայնով: Շատ խոսելուց ձայնը դառնում է խռպոտ, թուքը բերանում բարձրանում ու կուտակվում է շրթունքների անկյունում: Խոսում են ամեն ինչի մասին, հաճախ մի միտքը չվերջացրած անցնում են մյուսին («մտքի ցատկ»):

Հիվանդության ծանր դեպքերում մտքի հոսքն այնքան արագ է, որ անկապության տպավորություն է թողնում: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է աշխույժ դիմախաղով, խիստ արտահայտիչ  շարժուձևով:

Հիվանդներն արտահայտում են իրենց անձի գերագնահատման մտքեր, խոսում են իրենց արտակարգ ֆիզիկական ուժի, բացառիկ ընդունակությունների մասին: Իրենց համարում են ամենագետ, տաղանդավոր, ամբողջ երկրում, նույնիսկ աշխարհում ճանաչված մարդ:
Վերոհիշյալ բոլոր ախտանիշանները զուգորդվում են հիվանդի հոգեշարժական գրգռվածությամբ: Նրանք անընդհատ ոտքի վրա են, շարժման մեջ:

Շփման մեջ են մտնում բոլորի հետ, հեշտ ծանոթություններ ստեղծում: Ձգտում են աշխատել, ամենքին օգնել, շուրջը ստեղծելով անկարգություն, կեղտ ու քաոսային իրարանցում: Հիպերսեքսուալ են, շատակեր, ուտում են կանգնած, արագ:
Հիվանդների վիճակը երեկոյան ավելի է ծանրանում:
Դեպրեսիվ փուլը բնորոշվում է մանիակալ փուլին հակառակ ախտանիշների եռյակով` տրամադրության անկում, մտածողության ընթացքի դանդաղում և հոգեշարժական արգելակում:
Հիվանդների տրամադրությունն  ընկած է: Նրանց դեմքն արտահայտում է տանջանաք, տխրություն, թախիծ, վիշտ: Ողջ շրջապատը հիվանդների կողմից ընկալվում է մռայլ գույներով:

Հիվանդների տրամադրության անկումն ու թախիծն ուղեկցվում է սրտի և կրծքի շրջանի ծանր ու սեղմող լարվածությամբ և տանջալից ցավի զգացմամբ («սրտային թախիծ»):
Դեպրեսիվ հիվանդների մտածողության ընթացքը դանդաղեցված է:

Հարցերին պատասխանում են դժվարությամբ, ցածրաձայն և ուշացումով, հաճախ հարկ է լինում կրկնել, իսկ լրիվ արգելակման դեպքում բոլորովին չեն խոսում:
Բնորոշ են տագնապով ու վախով ուղեկցված ինքնամեղադրման ու ինքնանվաստացման մտքերը: Հիվանդներն իրենց համարում են մեղավոր ու արժեզրկած, անցյալը` սխալներով լի մի շրջան, ներկան ընկալում են որպես անբացատրելի ու անելանելի տառապանք, իսկ ապագան անհեռանկարային ու մռայլ: Բնորոշ ախտանշան է հոգեկան անզգայացումը:

Հիվանդները գտնում են, որ դարձել են անտարբեր, կորցրել են անգամ իերնց հարազատների, իրենց երեխաների նկատմամբ ուեցած զգացմունքները: Այդ բոլորը հասկանալով հանդերձ` նրանք չափազանց ծանր են վերապրում հույզերի, հատկապես սիրո զարգացման կորուստը:

Հիվանդների մոտ ինքնամեղադրման, ինքնանվաստացման և ոչ լիարժեքության մտքերը հաճախ ինքնասպանության մտքերի ու փորձերի են հասցնում:
Դեպրեսիվ փուլը բնորոշվում է նաև շարժողական արգելակմամբ, որն արտահայտվում է թեթև կաշկանդվածությունից (սուբստուպոր) մինչև արգելակում (դեպրեսիվ ստուպոր):
Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը ձևերի ժամանակ մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են, արտահայտելով զայրացած մանիայի, մանիակալ ստուպորի, գրգռված դեպրեսիայի (մելամաղձություն) և այլ հոգեախտաբանական պատկերներով:
Բուժումը
Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի բուժումը պետք է տարվի անհատական ձևով, ընտրողաբար` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը (մանիակալ կամ դեպրեսիվ վիճակ) փուլերի արտահայտվածության աստիճանը, հիվանդի տարիքը, մարմնական վիճակը և այլն:
Դեղամիջոցները պետք է նշանակել ընտրողաբար, մեծ և աճող դոզաներով (չպետք է մոռանալ, որ փոքր դոզաներով կատարվող բուժման դեպքում լավացումը դանդաղ է տեղի ունենում և դեղորայքի նկատմամբ կայունություն է առաջանում):

Աղբյուրը՝ hogebn.info



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon