Մակրոնը խոստացել է 8 հազար լրացուցիչ տեղ ստեղծել Ֆրանսիայի բանտերում

Աշխարհ 19.04.2021   14:32   58

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մինչև իր նախագահական ժամկետի ավարտը ևս 8 հազար լրացուցիչ տեղ ստեղծել երկրի բանտերում, որոնք Եվրոպայում ամենախիտ բնակեցվածն են համարվում։

Այդ մտադրության մասին նա հայտնել է Le Figaro թերթին տված հարցազրույցում։

«Մենք արդեն 7 հազար լրացուցիչ տեղ ստեղծել ենք, և ես կկատարեմ իմ հնգամյա մանդատի ընթացքում 15 հազար տեղ ստեղծելու վերաբերյալ խոստումս։ Ավելի ուշ մենք ևս 8 հազար տեղ կբացենք, այս շաբաթ կառավարությունը կներկայացնի գործողությունների ծրագիրը և կորոշի, թե դրանք որտեղ կարելի է ստեղծել»,- հայտարարել է Մակրոնը։

Պետության ղեկավարը նաև խոստացել է, որ կկատարի իրավապահ մարմիններում  լրացուցիչ 10 հազար աշխատատեղ բացելու վերաբերյալ իր խոստումը։ Նա նշել է, որ արդեն հաջողվել է հավաքագրել 6,2 հազար ոստիկանի ու ժանդարմի, և այս տարվանից ևս 2 հազար նոր տեղ կլինի։ Մակրոնը նշել է, որ կստեղծվի ոստիկանական պահեստազոր՝ 30 հազար աշխատակիցներով, ժանդարմերիայի պահեստազորը կավելանա՝ 30-ից մինչև 50 հազար մարդ։ Նրա խոսքով՝ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը ոստիկանական տեխնիկայի ու սարքավորումների 50 % արդիականացում կկատարվի, նաև կնորացվի համազգեստը։

«Դա նշանակում է, որ ֆրանսիացիները 2022 թ․ ավելի շատ համազգեստավորների կտեսնեն փողոցում, քան 2017-ին էր։ Դա հանգստացնում է մարդկանց և վախեցնում հանցագործներին»,- ասել է Մակրոնը։

Ըստ Եվրոպայի խորհրդի վերջին հաշվետվության՝ 2020 թ․ եվրոպական բանտերում 100 տեղին միջին հաշվով 90 կալանավոր էր բաժին ընկնում։


 Պիտակներ
         Ֆրանսիայի բանտեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb